Երևանում՝ բնակելի շենքի նկուղում, հայտնաբերվել է ինքնաշեն ական․ բնակիչները տարհանվել են
Այսօր՝ օգոստոսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շոպրոնի 8 շենքի 1-ին մուտքի նկուղում կասկածելի պայթուցիկ կա, գրում է shamshyan.com-ը։
Բնակիչներին տարհանել են։ Ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Ազատ Դանիելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Գասպարյանի գլխավորությամբ։
Քիչ առաջ ԱԻՆ ՓԾ ինժեներական և հրշեջ-փրկարարական ջոկատի սակրավորներ Մարտին Ափոյանն ու Օնիկ Դավթյանը նկուղում հայտնաբերել են ինքնաշեն մարտական ականանետի ական, և կան կասկածներ, որ այն մարտական է։
Այս պահին սպասում են, որ ժամանեն փորձագետները։
Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: