Իսրայելն ի վիճակի չէ դիմակայել Իրանին. ԻՀ պահապանների կորպուս
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի խոսնակ, բրիգադային գեներալ Ռամեզան Շարիֆը լրագրողներին ասել է, որ Իսրայելը գտնվում է անվտանգության ամենավատ իրավիճակում՝ ընդգծելով, որ ի վիճակի չէ որեւէ քայլ ձեռնարկել Իրանի դեմ, գրում է Mehr լրատվական գործակալությունը:
Նա հավելել է, որ իսրայելցիները բազմիցս հայտարարել են, որ անվտանգությունը գերակշռում է իրենց վերահսկողության տակ գտնվող պաղեստինյան օկուպացված 27 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա։
«Նրանց միջոցները բացարձակապես ոչ մի ազդեցություն չունեն Իսլամական Հանրապետության վրա, քանի որ նրանք չեն կարողանում դիմակայել Իրանին»,- ասել է Շարիֆը`հավելելով, որ իսրայելցիները բազմիցս հայտարարել են, որ արաբական երկրների բանակները միավորվելով չեն կարողանա հաղթել ռեժիմի բանակին։
Նա հիշեցրել է, որ Իսրայելն առաջին անգամ պարտություն է կրել 33-օրյա պատերազմում` Հըզբալլահից:
«Իսրայելցիները չափազանց խոցելի են եւ մշտապես ապրում են վախի մեջ: Նրանք անընդհատ ասում են, որ ունեն երկաթյա գմբեթ համակարգ կամ կիբեր համակարգեր, ինչը բացահայտում է նրանց թուլությունը»,- շեշտել է մամուլի խոսնակը։