Իրանում օդի աղտոտվածության պատճառով դպրոցներն ու մանկապարտեզները փակ են
Թեհրանում 3 օրով կփակվեն տարրական դպրոցներն ու մանկապարտեզները: Պետական կառույցներում էլ կրճատվել են երկուշաբթի և երեքշաբթի օրերի աշխատանքային ժամերը: Պատճառը օդի աղտոտվածության բարձր մակարդակն է: Այս մասին տեղեկացնում է France Press գործակալությունը` վկայակոչելով տեղի լրատվամիջոցներին: Թեհրանի իշխանությունները սահմանափակել են նաև սեփական փոխադրամիջոցների օգտագործումը:
Առողջությանը սպառնացող շրջակա միջավայրի բարձր մակարդակի աղտոտվածության մասին բնապահպանները բազմիցս զգուշացրել են երկրի իշխանություններին: Վերջիններս էլ պարբերաբար կազմակերպում են «բնապահպանական կիրակի», որով նախատեսվում են նախադպրոցական և ուսումնական հաստատությունների փակումը, սպորտային միջոցառումների հետաձգումը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Իրանի մայրաքաղաքում օդի աղտոտվածության զգալի մասը բաժին է ընկնում ավտոմեքենաներին, որոնք անընդհատ խցանումների մեջ են: Բացի դրանից, իրավիճակը բարդանում է հատկապես, երբ որպես վառելիք են օգտագործում ցածր որակի բենզին: