BMW M-ն իր առաջին էլեկտրամոբիլը կստեղծի
Հասարակություն2022 թվականին BMW-ի M ստորաբաժանումը, որը հայտնի է իր ճանապարհային սպորտային եւ մրցարշավային մեքենաներով, նշում է իր 50-ամյակը։ Կեսդարյա հոբելյանն ընկերությունը նշում է մի շարք պրեմիերաներով, որոնցից մեկը ոչ թե մեքենա է, այլ մտադրությունների մասին հայտարարություն։ Մոտ ապագայում BMW M շարքում կհայտնվի ստորաբաժանման պատմության մեջ առաջին «լիցքավորված» էլեկտրամոբիլը, որի ստեղծման աշխատանքներն ամբողջ թափով ընթանում են: Առաջին նախատիպը նույնիսկ ցուցադրվել է նորույթի պաշտոնական պրոմոտեսահոլովակում, գրում է Motor-ը։
BMW M ստորաբաժանման ղեկավար Ֆրենկ վան Միլը պարզաբանել է, որ վարորդական թեստերի նախատիպը հիմնված է արտադրության BMW i4 M50 էլեկտրական մեքենայի վրա, որը լրջորեն փոփոխվել է։ Բացի այն, որ սեդանը վերածվել է կուպեի, մեքենան ստացել է անիվների ընդլայնված կամարներ, իսկ թափքի առջեւի հատվածը պատրաստված է BMW M4 սպորտային կուպեի տեխնոլոգիաներով։
Այս լուծումները լրացվում են վերակազմավորված ռադիատորներով՝ ավելի լավ հովացման եւ նոր ուժային սարքի համար: Տեխնիկական բնութագրերի մասին դեռ մանրամասներ չկան, սակայն հայտարարվում է միանգամից չորս էլեկտրաշարժիչի եւ նորարարական M xDrive լիաքարշակ համակարգի մասին, որը, դատելով տեսանյութից, թույլ կտա մեքենային տեղում շրջվել։