Չեռնոգորիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել կառավարությանը
«Shantnews»-ի փոխանցմամբ՝ Չեռնոգորիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ անվստահություն է հայտնել կառավարությանը՝ Դրիտան Աբազովիչի գլխավորությամբ։
«Չեռնոգորիայի 43-րդ կառավարությանն անվստահություն հայտնելու օգտին քվեարկել է 50 պատգամավոր, մեկը ձեռնպահ է մնացել: Այսպիսով, նախարարների կաբինետը կորցրել է վստահությունը»,- նշված է խորհրդարանի հայտարարությունում:
Քվեարկությունը նախաձեռնել են նախկինում իշխանություն ունեցած նախագահ Միլո Ջուկանովիչի՝ Սոցիալիստների դեմոկրատական կուսակցությունը (DPS) և նրա գործընկեր կուսակցությունները: Պատգամավորներից մեկի խոսքով՝ հարցի քննարկմանն աջակցել են 81 խորհրդարանականներից 68-ը, դրա պատճառն այն է, որ Աբազովիչի կաբինետը չի կատարել 100 օրում ԵՄ անդամակցությանը մոտենալու իր պարտավորությունը։
Ի պատասխան՝ վարչապետը նշել է, թե Ջուկանովիչը և կողմնակիցները դժգոհ են, քանի որ երկրում մեծ պայքար է սկսվել կոռուպցիայի դեմ:
Վարչապետի խոսքերով՝ կազմակերպված հանցավորությունը, թմրակարտելները և ծխախոտի մաքսանենգները կառավարել են Չեռնոգորիան արդեն 30 տարի։ Անցած չորեքշաբթի Աբազովիչն անձամբ մասնակցել է փետրվարին Բար նավահանգստում առգրավված մաքսանենգ ծխախոտի 1,5 հազար բլոկների ոչնչացմանը։
Աբազովիչն անվստահություն հայտնելը նախապես անվանել է «ՀԺԿ-ի հաղթանակ», սակայն կարծիք է հայտնել, որ ժամանակի ընթացքում Ջուկանովիչը ստիպված կլինի հեռանալ քաղաքական ասպարեզից։
Մինչև նոր խորհրդարանական մեծամասնության ձևավորումը Չեռնոգորիայի ներկայիս նախարարների կաբինետը կմնա տեխնիկական մանդատի մեջ և կշարունակի կատարել իր պարտականությունները։