Բացօթյա ապօրինի առևտրով զբաղվող անձանց ապրանքները կառգրավվեն
Բացօթյա ապօրինի առևտուրն այժմ սննդամթերքով չի սահմանափակվում. կենդանիներ՝ շներ, թռչուններ, անգամ արտասովոր տեսակներ կան: Փողոցային առևտրի հիմնական հասցեները Երևանի կենտրոնական փողոցներն են՝ Հանրապետության հրապարակը, Հյուսիսային պողոտան, մայթերն ու շենքերի կամարանցումները:
«Մարդիկ պարզապես շահագործում են այդ կենդանիններին ամենատարբեր միջոցներով՝ վաճառքից մինչև ծառայությունների մատուցում: Վստահ չենք նաև, որ այդ կենդանիները չունեն վարակիչ հիվանդություններ կամ պաշտպանված են դրանցից»,- ասում է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի» տնօրեն Հարություն Առաքելյանը:
Երևանի քաղաքապետարանը ոստիկանության հետ պարբերաբար համատեղ ուժեղացված ստուգայցեր է անում քաղաքի տարբեր հատվածներում:
Վերջերս հայտնաբերված մեքենան քաղաքացին ծառայեցրել է որպես հանրային սննդի կետ՝ չունենալով շրջիկ առևտուր իրականացնելու թույլտվություն: Մարդաշատ վայրերում առևտրականները ծառայություններ են մատուցում նաև հրավտանգ նյութերի օգտագործմամբ՝ կոպտորեն խախտելով անվտանգության կանոները: Անօրինական առևտրով զբաղվող անձինք տուգանվում են, սակայն խնդիրը դրանով չի լուծվում:
«Տարեսկզբից մինչ օրս կազմվել է 1445 արձանագրություն: Սակայն ոչ բոլոր դեպքերում է հնարավոր է լինում բռնագանձել տուգանքները: Դա պայմանավորված է հիմնականում անձանց անվճարունակությամբ, որոշ դեպքերում նաև անվճարունակ անձանց հատուկ՝ նպատակային ներգրավմամբ»,-ասում է քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:
Բացօթյա ապօրինի առևտրի խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ մշակել է օրենսդրական փոփոխությունների նոր փաթեթ: Օրինագիծը հնարավորություն կտա առգրավել փողոցային առևտուր իրականացնողների ապրանքները: Գործադիրը կառավարության նիստում նախագծին հավանություն տվեց: Առաջիկայում այն կքննարկվի ԱԺ-ում:
«Խնդրի լուծումը տեսնում ենք հետևյալ կերպ. ոչ սահմանված վայրերում առևտուր իրականացնելու դեպքում կարողանանք առգրավել այն միջոցները, որոնք օգտագործվում են ծառայություններ մատուցելու կամ առևտրի համար: Դրանով, կարծում ենք, այս խնդիրը վերջնականապես կկարողանանք լուծել։ Պարբերաբար Երևանում միջոցառումներ ենք իրականացնում, բայց ժամեր հետո այդ ամենը կրկնվում է»,- նշել է քաղաքապետը։
«Մինչև ապրանքի բռնագանձման հասնելը փորձ է արվել մեծացնել տուգանքների չափը, բայց դա արդյունք չի տվել, հետ չի պահել քաղաքացիներին նոր իրավախախտումներից: Նախագիծը ենթադրում է, որ տուգանք կիրառելուց զատ ապրանքը, որը վաճառքի առարկա է կամ ծառայություններ մատուցելիս է օգտագործվում, հնարավորություն կլինի առգրավել՝ դիմելով դատարան և հիմնավորելով, որ դա պետք է բռնագրավվի հօգուտ համայնքի» ,-նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
Առևտրականները, որոնք չցանկացան տեսախցիկի առջև զրուցել, նշում են՝ փողոցային առևտուրն իրենց ապրուստի միակ միջոցն է: Հարցին՝ ինչու˚ չկազմակերպել առևտուրը սահմանված վայրերում, օրինակ, շուկաներում, ասում են՝ ձեռնտու չէ: Մինչդեռ այստեղ տուժում են այն տնտեսվարողները, որոնք վարձակալում են տարածքներ, վճարում հարկեր, նրանց ապրանքի արժեքը ստացվում է ավելի բարձր, քան հարևանությամբ՝ անօրինական առևտրով զբաղվողներն են առաջարկում:
«Արդյո˚ք սա արդար մրցակցային պայման է: Կարծում եմ՝ ակնհայտորեն՝ ոչ: Խնդրի այլընտրանք տեսնում ենք շուկաները, որտեղ տարածքների համար առաջարկվող գումարները ողջամիտ են: Սակայն որքան էլ լինի այդ գումարը, հասկանալի է, որ 0-ից բարձր է, իսկ առևտրականները նախընտրում են փողոցում՝ առանց վճարելու կազմակերպել առևտուրը: Հաճախ այդ անձանց ու նրանց վաստակած գումարների մասին մեր պատկերացումները սխալ են: Առևտրականները շատ ավելին են ստանում: Բայց եթե շատերն օրինական ձևով են իրենց գործունեությունը կազմակերպում, ինչո˚ւ մյուսներն էլ չանեն»,-շեշտում է Սուրեն Գրիգորյանը:
Փողոցում, հաճախ հենց գետնին, հակասանիտարական պայմաններում վաճառվող սննդամթերքը առողջապահական տեսակետից վտանգ է պարունակում, այդ թվում թունավորման: Չնայած դրան՝ որոշ քաղաքացիներ շարունակում են գնումներ անել փողոցից:
«Երևույթը հասարակական կարգի կոպիտ խախտում է: Աղտոտվում են փողոցները, մայթերը, խոչընդոտվում է հետիոտնի ազատ տեղաշարժը»,-ասում է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը:
Բացօթյա անօրինական առևտուրը քաղաքի գլխավոր խնդիրներից է: Քաղաքային իշխանությունը վստահ է՝ օրենսդրական փոփոխություններն էապես կկանոնակարգեն դաշտն ու կնպաստեն խնդրի լուծմանը: Կբարելավվի նաև քաղաքի արտաքին տեսքը՝ հարիր երկրի զբոսաշրջային գլխավոր կենտրոնին: