2022թ. առաջին կիսամյակում բյուջեի կատարումը շեղվել է պլանից շուրջ 205 մլրդ դրամով․ «Լույս» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ուսումնասիրել է 2022թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։
Այն ներկայացնում ենք ստորեւ․
2022թ. առաջին կիսամյակում բյուջեի կատարումը շուրջ 205 մլրդ դրամով շեղվել է պլանից:
Սրա հիմնական պատճառը բյուջեի ծախսերի թերակատարումն է: Թերակատարման չափն էականորեն մեծացել է նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ, որի պատճառներից է նաեւ այն, որ նախօրոք պլանավորվել էին անիրատեսական ցուցանիշներ: Այսպես, կապիտալ ծախսերի գծով ճշտված պլանով նախատեսված գումարը 2022-ի համար կազմում է շուրջ 365.2 մլրդ դրամ, ինչը շուրջ 148.9 մլրդ դրամով կամ 68.8%-ով գերազանցում է նախորդ տարվա փաստացի ցուցանիշը: Սակայն, առաջին կիսամյակի փաստացի ցուցանիշներից եւ 40․7% թերակատարման չափից ակնհայտ է, որ նման բարձր ցուցանիշներ հնարավոր չի լինի ապահովել: Ընդ որում, հիշենք, որ 2022թ. բյուջեի քննարկման եւ ընդունման փուլում կառավարությունը որպես հիմնական ձեռքբերում էր նշում աննախադեպ չափով կապիտալ ծախսերի պլանավորումը: Ստացվում է, որ ծախսերի իրականացման կարողությունը մնացել է նույն մակարդակում, կառավարությունն այդ ուղղությամբ որեւէ քայլ չի արել, սակայն, պարզապես ներկայացնելու համար, ի սկզբանե բյուջեում արտացոլել է անիրատեսական ցուցանիշներ:
2022թ. առաջին կիսամյակում հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է խիստ զսպող՝ հիմնականում ծախսերի թերակատարման հետեւանքով:
Թեեւ ներկա իրավիճակում զսպող հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը արդարացված է, դա չպետք է իրականացվի կապիտալ ծախսերի հաշվին, քանի որ վերջինիս թերակատարումը վնասում է տնտեսության ներուժը: Ներկայումս, ներքին պահանջարկի աճի պայմաններում, կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի տնտեսության առաջարկի հատվածը խթանելու համար, որի իրականացման լավագույն գործիքներից մեկը հենց կապիտալ ծախսերն են:
Ռուս-ուկրաինական հակամարտության սրման եւ դրանից ածանցվող գործոնների՝ ՀՀ տնտեսության վրա ունեցած ազդեցությունների մասով որեւէ գործողություն չի իրականացվում:
Ներկա արտաքին շոկը տնտեսության վրա ասիմետրիկ ազդեցություն է ունենում, այսինքն՝ որոշ ոլորտներում խիստ դրական զարգացումներ են արձանագրվում (օրինակ՝ ծառայություններ եւ առեւտուր), իսկ որոշ ոլորտներում առաջանում են խնդիրներ՝ փոխարժեքի արժեւորմամբ պայմանավորված (ՏՏ, շինարարություն, դեպի ԵՄ արտահանողներ): Այս պայմաններում, կառավարությունը պետք է իրականացնի միջոցառումներ դրական զարգացումներ ունեցող ոլորտներն առավել արդյունավետ հարկելու եւ տուժող ոլորտներին թիրախային աջակցություն տրամադրելու ուղղությամբ, որը, սակայն, չի անում: