ԱՄՆ-ն ևս 800 միլիոն դոլարի ռազմական օգնություն կհատկացնի Ուկրաինային. Reuters-
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է լրացուցիչ 800 մլն դոլար հատկացնել Ուկրաինայի անվտանգության ամրապնդման համար, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Օգնության նոր փաթեթի մասին կարող է հայտարարվել օգոստոսի 19-ին։
Գործակալությունը վկայակոչում է քննարկմանը ծանոթ երեք աղբյուրի։ Ըստ նրանց՝ Բայդենը թույլ է տալիս ընդլայնել ռազմական օգնությունը՝ օգտագործելով իր նախագահական լիազորությունները, որոնք թույլ են տալիս նրան փոխանցել «ավելցուկային զենքերը» ԱՄՆ պաշարներից։ Թե ինչ զինատեսակների մասին է խոսքը, չի նշվում։
Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը:
Մայիսին ԱՄՆ Սենատը հաստատել է Ուկրաինային հատկացվող 40 միլիարդ դոլարի ռեկորդային օգնություն, օգոստոսի սկզբին Վաշինգտոնը հայտարարել է, որ Կիևին կտրամադրի ևս 4,5 միլիարդ դոլար, մոտ 90 միլիոն դոլար կծախսվի Ուկրաինայի տարածքն ականազերծելու համար: