«Ժողովուրդ». Հայտարարագիր ներկայացնողների ցանկը կմեծանա
Պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնված հիմնադրամների ղեկավարներն այսուհետ եւս պետք է ներկայացնեն գույքի եւ ունեցվածքի մասին հայտարարագիր։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նման փոփոխությամբ է հանդես եկել ՀՀ արդարադատության նախարարությունը, եւ այդ նախագիծը երեկ ընդունվել է կառավարության նիստում՝ չզեկուցվող նախագծերի թվում։ Ունեցվածքի եւ շահերի հայտարարագիր պետք է ներկայացնեն նաեւ նրանց ընտանիքի անդամները։ Հիմնավորման մեջ նշվում է, թե նրանք հաճախ մասնակցում են տարբեր մրցույթների, եւ կարող է լինել շահերի բախում։ Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաեւ ընդլայնել փոխկապակցված անձանց շրջանակը։
Առաջարկվող կարգավորման շրջանակում այն ներառում է ոչ միայն ազգակցական կապերով կապված մարդկանց, այլեւ ոչ ազգակցական սերտ անձնական հարաբերությունների մեջ գտնվող անձանց, առեւտրային իրավաբանական անձանց եւ այլն։ Նշվում է, թե նախագծերը համապատասխանեցվել են միջազգային կարգավորումների հետ։ Այս նախագիծը դեռ պետք է քննարկվի Ազգային ժողովի նոր նստաշրջանում։