«Հրապարակ». Թալինում նոր կոմբինացիաներ են մտածում
«Հրապարակ» թերթը գրում է․
«Սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ նախընտրական թեժ աժիոտաժ է Թալինում: Տեղի ընդդիմադիրները կարծում են, որ իշխանության սրտի թեկնածու, անցած ընտրություններին պարտված, բայց զոռբայությամբ համայնքապետի աթոռը զավթած Տավրոս Սափեյանի դեմ քաղաքական նոր կոմբինացիաներ է պետք գործադրել:
Մեր տեղեկություններով՝ նախկինների հետ ասոցացվող նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանը չի պատրաստվում թեկնածություն առաջադրել։ Նա անցած ընտրությանը Արա Զոհրաբյանի « Զարթոնք» կուսակցության ցուցակն էր գլխավորում, սակայն մեր աղբյուրներն ասում են, թե դա չի նշանակում, որ նախկին թիմն իր թեկնածուն չի ունենալու եւ չի մասնակցելու։ Թեեւ դեռ հայտնի չէ, թե ով կլինի: «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի քենակալ (բաջանաղ) Տիգրան Գրիգորյանի թեկնածության մասին են խոսում, կառաջադրվի՞ նա արդյոք ՀՅԴ ցուցակով, թե՞ այլ ուժով՝ դա էլ դեռ պարզ չէ: Քաղաքապետ դառնալու հավակնություններ ունի Թաթուլի նախկին գյուղապետ Ալբերտ Հարոյանը, ով ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանի ազգականն է: Նորայր Նորիկյանի կուսակցությունն է հետաքրքրություններ դրսեւորում, «Ապրելու երկրի» ցուցակն էլ կգլխավորի անցած ընտրություններին «Հայք» կուսակցությամբ առաջադրված Դավիթ Մանուկյանը, ով ընդդիմադիր եռյակի քաղաքապետի միասնական թեկնածուն էր: Այլ անուններ էլ են շրջանառվում:
Մինչ ընդդիմադիրները վերադասավորվում են, իշխանությունը Տավրոս Սափեյանի միջոցով փորձում է Թալինում ազդեցիկ դեմքերին, երբեմնի ընդդիմադիրներին իր դաշտ բերել։ Նաեւ շատերին աշխատանք են խոստանում: Ասում են նաեւ, որ Սափեյանի հույսը Թալինին վերջերս միավորված Արագածավան համայնքն է՝ Արագած, Արտենի, Գետափ, Լուսակն համայնքներով»։