ՌԴ-ից Վրաստան ներկրվող վառելիքը եվրոպականից էժան է
Վրաստանի մրցակցության գործակալությունն ուսումնասիրել է 2022 թվականի յոթ ամիսների ընթացքում Վրաստան ներկրված վառելիքի վաճառքի գները: Այս մասին հաղորդում է Aliq Medi-ն։
Օգոստոսի 17-ին հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանից ներկրվող վառելիքի գինը եվրոպականի համեմատ հիմնականում ցածր է:
Երկրում վառելիքի մեծ մասը գալիս է Ռուսաստանից, որտեղ գինը ցածր է այլ երկրների համեմատ:
Հունվար-հուլիսին Վրաստան է ներկրվել 810 320 լիտր վառելիք, որից ամենամեծ մատակարարը (40,8 տոկոս) Ռուսաստանն է, հաջորդը Ռումինիան է՝ 26,5 տոկոս, իսկ հետո Բուլղարիան՝ 13,4 տոկոս:
Ռուսաստանից ներկրվող վառելիքի ինքնարժեքը միջինում 30-70 թեթրիով ցածր է եվրոպական երկրների համեմատ, չնայած խոշոր ընկերությունները վաճառում են նույն գնով։ Միաժամանակ շուկայում աճում է Ռուսաստանի Դաշնությունից ներկրվող վառելիքի տոկոսը. ապրիլ-հուլիս ամիսներին վերջինս կազմել է ընդհանուր ներմուծման 64-65 տոկոսը: