Մոսկվան զգուշացրել է իր համար «ոչ բարեկամ» երկրների հետ շփումների մասին
Ռուսաստանի դաշնակիցների և Ռուսաստանին «ոչ բարեկամ» երկրների շփումները չպետք է վնասեն Մոսկվայի հետ ռազմավարական գործընկերությանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչաևը՝ պատասխանելով ԱՄՆ հովանու ներքո Տաջիկստանի մայրաքաղաքում ընթացող զորավարժություններին Կենտրոնական Ասիայի երկրների մասնակցության մասին հարցին:
«Ելնում ենք նրանից, որ Ռուսաստանին ոչ բարեկամ երկրների հետ շփումները չպետք է վնաս հասցնեն մեր երկրի հետ ռազմավարական գործընկերությանը և հակասեն ընդհանուր միավորումների, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններին», - ասել է Նեչաևը:
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության կողմից կազմակերպված «Տարածաշրջանային համագործակցություն-22» հրամանատարաշտաբային զորավարժությունները սկսվել են օգոստոսի 11-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում և կտևեն մինչև օգոստոսի 20-ը: