Հաջորդ աղետի գոտին կարող է լինել հենց այստեղ․ Գեղամ Նազարյանը զգուշացնում է
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրել է․
«Հաջորդ աղետի գոտին կարող է լինել հենց այստեղ։ Հիմա եմ զգուշացնում, որ չասեք զգուշացնող չի եղել։ Քաղաքի կենտրոնում, խիտ երթևեկելի փողոցի գլխին կառուցվում է բազմահարկ շենք, իհարկե, առևտրի կամ բիզնես կենտրոն։
Շենքը կառուցվում է մետրոպոլիտենի վրա, շենքը կառուցվում է այնտեղ, որտեղ վարարելու մեծ հակում ունեցող Գետառն է հոսում։ Խորհրդային տարիներին այս հատվածում անգամ երկհարկանի շենք չեն կառուցել։ Ոչ թե չեն կարողացել, այլ չէր կարելի։ Հիմա կառուցում են։
Ո՞վ է թույլ տվել այստեղ բազմահարկ կառուցել։ Մի՞թե չգիտեք, որ այս շենքը հիմք, որպես այդպիսին չունի։ Ես շինարարության ամենասկզբից հետևել եմ և տեսել, թե ինչպես հենասյունները հիմք դարձնելով սկսեցին կառուցել այս անճոռնին։
Մի՞թե չգիտեք, որ այն մետրոպոլիտենի գլխին է և այնտեղ, որտեղ Գետառն է հոսում։ Ուզում եմ լսել այն մասնագետներին, որոնք հրապարակայնորեն կհայտարարեն, որ այս շենքը կառուցվում է քաղաքաշինության նորմերին համապատասխան։ Ուզում եմ լսել այն պաշտոնյաներին, որոնք շինթույլտվություն են տվել»։