Լաչինի միջանցքում հսկողությունը թուլացել է․ Բերձորից հանվել է խաղաղապահների կայանման կետը․ Դավիթ Գալստյան
Լաչինի միջանցքում տեղակայված ռուս խաղաղապահների կայանատեղիները սկսել են քիչ-քիչ հանվել։ Բերձորում դրված կայանման կետը հանվել է, Աղավնոյինը՝ դեռ ոչ։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
«Լաչինի միջանցքով անցնելիս պարզ երևում է, որ ռուս խաղաղապահները քչացրել են կայանատեղիները, հսկողությունը թուլացել է։ Մյուս կողմից, Աղավնոյի և Բերձորի բնակիչներն ահազանգում են, որ ադրբեջանցիները հաճախակի են սկսել շարժեր անել։ Բերձորից կանայք ու երեխաները հիմնականում տեղահանվել են արդեն, բայց կան ընտանիքներ, որ վարձով տուն չեն կարողանում գտնել և ստիպված են դեռևս մնալ իրենց տներում»,-ասում է Գալստյանը։
Արցախցի պատգմավորը պնդում է՝ Լաչինի միջանցքում խաղաղապահ զորախմբի կողմից հսկողության թուլացում թույլ տալ չի կարելի, քանի դեռ այլընտրանքային երթուղին չի շահագործվել։
Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու շահագործման ժամկետների մասին հստակ տեղեկություն դեռևս չկա։ Հայտնի է միայն, որ երթուղու՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածը պատրաստ կլինի գարնանը։
«Ստեղծված իրավիճակում իշխանություններն առնվազն չպետք է շտապեն տարհանել Բերձորն ու Աղավնոն։ Լաչինի միջանցքը պետք է պահվի այնքան ժամանակ, քանի դեռ չկա գրավոր եռակողմ փաստաթուղթ, որում ամրագրված կլինի, որ նոր երթուղին պատրաստ է շահագործման և որ այն ունենալու է միջանցքի կարգավիճակ։ Արցախի նախագահն ասել է, որ լինելու է նման փաստաթուղթ, որով ամրագրվելու է, որ ճանապարհն ունենալու է միջանցքի կարգավիճակ, բայց առայժմ չկա ո՛չ փաստաթուղթ, ո՛չ էլ՝ այդ ուղղությամբ տարվող գործընթաց»,-շեշտում է պատգամավորը։
Հայաստանում ՌԴ դեսպանության ներկայացուցիչ Մաքսիմ Սելեզնյովի երեկվա հայտարարությունն այն մասին, որ «խաղաղապահները ոչ մի սմ չեն տեղաշարժվի Լաչինի միջանցքից, քանի դեռ նոր երթուղին չի շահագործվել, Դավիթ Գալստյանի խոսքով, որևէ նորություն չի պարունակում․ ընդամենը նոյեմբերի 9-ի համաձայնագրի դրույթն է կրկնում։ Իսկ ահա դրան հետամուտ լինելու հարցում, ըստ նրա, հայկական իշխանությունները թերանում են՝ հանցավոր անգործություն ցուցաբերելով։
Գալստյանը կրկնում է՝ Լաչինի միջանցքով Հայաստանի հետ անվտանգ ու անխափան կապը պետք է գործի այնքան ժամանակ, քանի դեռ նոր երթուղու շահագործման և միջանցքի տրամաբանությամբ գործելու մասին գրավոր եռակողմ համաձայնություն չկա։