«Շիրակ Ավիայի» կազմում գրանցված օդանավը Հայաստան գալու փոխարեն տեղափոխվել է Սուդան․ hetq.am
Հայկական «Շիրակ Ավիա» ավիաընկերության հաշվեկշռում գրանցված երկրորդ ինքնաթիռը, որը տեխսպասարկման նպատակով կանգնած էր Կահիրեի օդանավակայանում, այդպես էլ չժամանեց Հայաստան. գրում է hetq.am-ը։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ին ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցվել էր «Շիրակ Ավիայի» երկրորդ՝ «Boeing 737-800» ինքնաթիռը (EK-SHB)։ Առաջին օդանավը («Boeing 737-500» տիպի), որը կրում է EK-SHA գրանցումը, այժմ շահագործվում է ընկերության կողմից։ Ըստ հայկական ռեգիստրի տվյալների՝ «Շիրակ Ավիայի» երկու բորտերի սեփականատերը գյումրեցի ավիատոր Գառնիկ Պապիկյանի արաբական «Meridien (FZE)» ընկերությունն է։ Ի տարբերություն 1994-ի արտադրության EK-SHA-ի՝ EK-SHB-ն թողարկվել է 2004-ին, նախկինում էլ շահագործվել է Չեխիայում, Հունգարիայում, Կանադայում եւ Եգիպտոսում։ Մինչեւ ՀՀ գրանցում ստանալը վերջին շահագործողը եգիպտական «AMC Airlines»-ն էր։ Ըստ ավիացիոն տեղեկատուների՝ օդանավը 2020-ի մարտից չէր շահագործվել ու կանգնած էր Կահիրեի օդանավակայանում, որտեղից ենթադրվում էր դրա ժամանումը Հայաստան։
Սակայն ՀՀ օդանավերի ռեգիստրի օգոստոսի 4-ի թարմացումը ցույց է տալիս, որ «Boeing 737-800»-ը հանվել է ռեգիստրից։ Բանն այն է, որ սեփականատերը՝ Պապիկյանի «Meridien (FZE)» ընկերությունն, այն վարձակալությամբ հանձնել է իր երկարամյա գործընկերոջը՝ սուդանական «Badr Airlines»-ին։ Օգոստոսի 7-ին օդանավը Կահիրեից տեղափոխվել է Սուդանի մայրաքաղաք Խարթում եւ ամսի 9-ից սկսել թռիչքները «Badr Airlines»-ի կազմում։
Գառնիկ Պապիկյանի ընկերություններն («Meridien», «Տարոն-Ավիա») ու «Badr Airlines»-ը հին գործընկերներ են։ Դեռ 2015-ի օգոստոսին Պապիկյանի հայկական «Տարոն-Ավիան» իր «Boeing 737-500» ինքնաթիռը (հայկական գրանցումը՝ EK-73775) «թաց վարձակալությամբ» հանձնել էր սուդանական օպերատորին։ Նույն տարվա հոկտեմբերին «Տարոն-Ավիան» նույն պայմաններով «Badr Airlines»-ին տվեց եւս մի «Boeing 737-500» (հայկական գրանցումը՝ EK-73772)։ Ըստ ավիացիոն տեղեկատուների՝ «Badr Airlines»-ը նախկինում մի որոշ ժամանակ «թաց վարձակալությամբ» շահագործել է նաեւ «Շիրակ Ավիայի» EK-SHA գրանցումով բորտը, որը նախկինում գրանցված էր «Տարոն-Ավիայի» ավիապարկում որպես EK-73797։ Եվս մի «Boeing 737-500» (հայկական գրանցումը՝ EK-73776), որը «Տարոն-Ավիան» շահագործում էր իր կարիքների համար, 2018-ի մայիսին նույնպես վարձակալությամբ հանձնվեց սուդանական գործընկերոջը։