Միքայել Մինասյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը չի հանվել. Նա ունի մեղադրյալի կարգավիճակ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող թիվ 83160718 քրեական գործով Միքայել Արայի Մինասյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որն առ այսօր դադարեցված չէ, իսկ քրեական գործի նախաքննությունը դեռևս շարունակվում է։ Այս մասին Civic.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՊԵԿ-ից։ Նշենք, որ կայքերից մեկը, հիշեցնելով ՊԵԿ-ի կողմից հարուցված քրեական գործերը, օրերս գրել էր, թե Մ. Մինասյանի նկատմամբ հետախուզումը վերացվել է, նա չի կալանավորվի, և որ՝ «այս օրերին Մինասյանը ազատորեն շրջագայում է աշխարհով մեկ», «մի խոսքով պրոբլեմ չունեցող հին տղան է դարձել»:
ՊԵԿ-ից ակնկալում էինք ստանալ նաև հետևյալ հարցի պատասխանը՝ բացի արդեն իսկ հարուցված քրեական գործերից, կա՞ն (ՊԵԿ-ի վարույթում գտնվող, ՊԵԿ-ի կողմից հարուցված) այլ գործեր Մ. Մինասյանի նկատմամբ, բացի նրանից՝ կա՞ն այլ անձինք, որոնք ներգրավված են սույն քրեական գործերում և ի՞նչ դատավարական կարգավիճակ ունեն։ ՊԵԿ քննչական վարչությունից հայտնել են. «Հաշվի առնելով նախաքննության շահերը՝ քրեական գործի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկությունների տրամադրումը նախաքննության ներկա փուլում նպատակահարմար չէ»։
Հիշեցնենք, որ ՀՀ պետական եկամուտների քննչական վարչությունում 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին հարուցվել են քրեական գործեր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանրորեն վտանգավոր արարքների դեպքերի առթիվ: Մինասյանը մեղադրվում է ՔՕ մի քանի հոդվածների հատկանիշներով՝ ապօրինի հարստանալը, հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելը և առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը։ «Միքայել Մինասյանին առնչվող ենթադրյալ հանցավոր արարքները, նրա և նրա մերձավորների տիրապետության տակ գտնված ֆինանսական միջոցների մասին հայտնաբերված տեղեկատվությունը աննախադեպ են Երրորդ հանրապետության պատմության իրավապահ համակարգի պատմության համար»,- ժամանակին հայտնել էր ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նշենք, որ մեկ այլ քրգործ էլ հարուցվել էր ՀՔԾ-ի կողմից: Ըստ այդմ՝ 2007-2012 թթ. ՀՀ վարչապետի ավագ օգնականի, այնուհետև՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի մասնակից Մանվել Տեր-Առաքելյանից պահանջել է չվերակառուցել և չշահագործել Թումանյան փողոցի «Օդեոն» բացօթյա սրճարանը՝ չնայած վերջինս ունեցել է դրա համար օրինական թույլտվություն: Արդյունքում ընկերությունը փաստացի դադարեցրել է գործունեությունը, զրկվել ձեռնարկատիրական գործունեությունը շարունակելու հնարավորությունից և 2007-2014 թթ. ընթացքում կրել 1 մլրդ 938,7 մլն ՀՀ դրամի վնաս: ՀՀ դատախազությունը 2020 թ. մայիսին ՊԵԿ է ուղարկել Միքայել Մինասյանին առնչվող քրեական գործը՝ նախաքննության շարունակումն այլ գործի հետ ընդհանուր վարույթում իրականացնելու և քննության լրիվությունը, օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նպատակով։