«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են
ՏեսանյութերՕգոստոսի 17-ին՝ ժամը 12։00-ի դրությամբ, որոնողափրկարարական աշխատանքները «Սուրմալու» առևտրի կենտրոնում շարունակվում են։
Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը, նախնական տվյալներով, կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռահարկ շինությունը (մոտ 2889 ք. մ)։
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1965 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1987 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ․, Հրաչյա Ֆանբերգի Սարգսյան, ծնված 1976 թ․, Արտավազդ Հայրապետյան, ծնված 1951 թ․ և անձը չպարզված մեկ քաղաքացու դի)։
Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 5-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Դեպքի վայրում աշխատում է մոտ 89 փրկարարական ծառայող, այդ թվում՝ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 21, Երևան քաղաքի փրկարարական վարչության 7 հրշեջ և 1 փրկարարական տեխնիկա, 1 ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, ԱԹՍ մասնագիտացված և կինոլոգիական, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Կոտայքի մարզային փրկարարական վարչությունից՝ 20 հրշեջ-փրկարար, ինչպես նաև 13 կամավոր՝ «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպությունից։
Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են 4 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավվել են նաև քաղաքապետարանի 1 տրակտոր, 8 բեռնատար ինքնաթափ, 2 աղբատար, 1 ջրատար և 1 ավտոկռունկ։
Օգոստոսի 14-17-ն ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից մոտ 665 փրկարարական ծառայող և կամավոր։
Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը քաղաքացիներին տեղում ցուցաբերում է հոգեբանական աջակցություն։ Քաղաքացիները հոգեբանական աջակցություն կարող են ստանալ նաև զանգահարելով «911» թեժ գիծ։
Հրդեհաշիջման աշխատանքները դեպքի վայրում համակարգում է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
Դեպքի վայրում են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գ․Սանոսյանը։
ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝
1․ Գագիկ Կարապետյան
2․ Վանիկ Ամիրխանյան։