Նախկինում ռումբերի մասին ահազանգերը երբեք այսպիսի համակարգված ու պարբերական բնույթ չեն կրել. ԱԱԾ նախին պետ
Կեղծ ահազանգերը չեն բացահայտվում սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին ղեկավար Միքայել Համբարձումյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում պայթուցիկ նյութերի տեղադրման մասին կեղծ ահազանգերին։
Նրա խոսքով՝ զանգահարողը ձգտում է ամեն ինչ անել, որպեսզի իր զանգը քողարկվի, իսկ ազգային անվտանգության գործառույթն էլ այն է, որ իրենք էլ փորձեն տեխնիկական հնարավորություններով գտնել զանգահարող անձնավորությանը:
«Օբյեկտիվ պատճառն այն է, որ տեխնիկապես չեն կարողանում գտնել, իսկ սուբյեկտիվը՝ հնարավոր է չեն կարողանում կամ բավարար ջանք չեն գործադրում։ Զանգահարողի խնդիրն այն է, որ ինքը չբացահայտվի, իսկ հատուկ ծառայությունների գործն էլ այն է, որ տեխնիկական հնարավորություններով գտնեն զանգահարողին։ Հետեւելով ռումբերի մասին պարբերական դարձած զանգերին, տպավորություն է, թե նույն ձեռագիրն է։ Վարկածներից մեկն էլ կարող է այն լինել, որ դա անում է նույն մարդը կամ մարդկանց մի խումբը»,– նշեց ԱԱԾ նախկին ղեկավարը։
Այսպիսի ահազանգերը, ըստ Համբարձումյանի, չեն կարող անհետեւանք մնալ , քրեական գործեր են հարուցվում, նախաքննություն իրականացվում, որից հետո պարզվում զանգեր կատարելու դրդապատճառը:
«Ես մեր տղաներին իմանալով կարող եմ ասել՝ իրենք ձգտում են այդ ամենը բացահայտել, իսկ թե ինչու՞ չեն կարողանում՝ ուրիշ հարց է»,- ասաց Համբարձումյանը:
ԱԱԾ նախկին ղեկավարը նշեց, որ նախկինում էլ նման դեպքեր եղել են, սակայն այսպիսի համակարգված ու պարբերական բնույթ դրանք չեն կրել։ «Այդքան տարի մենք պարզել ենք կեղծ ահազանգողների ինքնությունը, հիմա չգիտեմ՝ ինչու՞ չի արվում դա»։
Հարցին՝ տեխնիկապես հնարավո՞ր է նույն օրվա ընթացքում 4–5 վայրում ռումբի մասին ահազանգ լինի ու ընդամենը 4 ժամ հետո պատասխանատու կառույցները հայտարարեն, թե ահազանգերը կեղծ են, Միքայել Համբարձումյանն ասաց. «Եթե ուժերը բավարարել են ու այդ ժամանակում պարզել են, լավ է, իսկ եթե չճշտված հայտարարություն են արել, օրենք են խախտել։ Այդպիսի պատասխանատվության տակ խելացի ղեկավարը չէր մտնի»:
Համամի՞տ է այն տեսակետին, թե պարբերական դարձած ռումբերի մասին ահազանգերով երկրում փորձում են կառավարելի քաոս ստեղծել, ԱԱԾ նախկին ղեկավարը նշեց. «Այսինքն՝ երկրում ուզում են քաոս ստեղծել որ ի՞նչ անեն, իրենց մութ գործե՞րը կարգավորեն։ Դժվար է ասել, դա վարկած է, որը պետք է քննության առարկա դառնա։ Իսկ ինչու՞ չեք մտածում, որ հակառակորդ պետությունն է անում։ Ամեն ինչ հնարավոր է»։
Իսկ մեր երկիրն արդյոք անվտանգության առումով խոցելի վչճակում չէ, հարցին ի պատասխան Համբարձումյանն ասաց, որ հաշվի առնելով մեր երկրի ներսում եւ երկրի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, մենք ունենք լրջագույն անվտանգային խնդիրներ: