Մեծ Բրիտանիայում հանգուցյալը հոլոգրաֆիկ պատկերի տեսքով խոսել է իր մահը սգացողների հետ (տեսանյութ)
Բրիտանական Նոթինգհեմում հանգուցյալ կինը, ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ, կարողացել է արհեստական բանականությամբ համալրված հոլոգրաֆիկ պատկերի տեսքով խոսել իր մահը սգացողների հետ:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Մարինա Սմիթը, որը մահացել է 87 տարեկանում, հարազատներին և ընկերներին ներկայացել է դիակիզումից հետո:Կինը՝ որպես հոլոգրաֆիկ պատկեր, պատմել է իր անցած ուղու մասին ու պատասխանել ներկաների հարցերին:
Աղբյուրը մանրամասնում է, որ տեխնոլոգիան, որն այսպիսի հնարավորություն է տվել, այս շաբաթվանից հասանելի է Մեծ Բրիտանիայում: Այն ստեղծվել է հանգուցյալի որդու՝ դոկտոր Սթիվեն Սմիթի կողմից, որն արհեստական բանականության վերաբերյալ StoryFile ընկերության ղեկավարն է:
StoryFile-ը ստեղծում է անձի թվային կլոն՝ օգտագործելով 20 համաժամեցված տեսախցիկներ, որոնք տեսագրում են կլոնի պատասխանները մի շարք հարցերի:
Փորձագետներն այնուհետև մշակում են կադրերը՝ ստեղծելով տեսահոլովակները և դրանք օգտագործում՝ մարզելու արհեստական բանականությունը, որն այնուհետև կարող է պատասխանել հարցերին:
Պատրաստի արդյունքն այնուհետև վերբեռնվում է StoryFile հարթակ. արդյունքում տեխնոլոգիան ստեղծում է իրական ժամանակի ռեժիմով զրույցի պատրանք:
Անհատը, որը ցանկանում է ստեղծել StoryFile, նախ պետք է ընտրի թեմաներ, որոնց մասին կարծում է, որ ընկերներն ու ընտանիքը կցանկանան հարցնել իրեն: Դրա համար դիմողը պետք է պատասխանի 250 000 հնարավոր հարցերից բաղկացած հարցաշարին: Յուրքանչյուր պատասխան տեսագրվում է: