Եթե 5, 10, 20 ահազանգից մեկն էլ իրական լինի, կարող է մեծ ողբերգություն լինել․ ավագանու անդամը՝ պայթուցիկ սարքի ահազանգի մասին
Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանն անդրադարձել է մետրոպոլիտենում պայթուցիկ սարքերի մասին ահազանգի խնդրին։
«Հասկանում եմ, որ շատերիդ անհարմարություն է պատճառում, բայց համապատասխան ծառայությունները պարտավոր են ստուգել բոլոր ահազանգերը, քանի որ խոսքը գնում է հազարավոր քաղաքացիների կյանքի մասին: Եթե 5, 10, 20 ահազանգից մեկն էլ իրական լինի, կարող է մեծ ողբերգություն լինել, պետք է ստուգեն և մետրոն կրկին կաշխատի: Շնորհակալություն ըմբռնումով մոտենալու համար»,-նշել է նա:
Ինչպես արդեն հայտնել ենք, օգոստոսի 16-ին՝ ժամը 10:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:
Այս պահին մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են։