Հայաստանում սգո օր կհայտարարվի
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում սգո օր կհայտարարվի: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից:
Սգո օրվա հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ, կառավարությունից ասացին, որ այն կլինի մոտակա օրերին, հավանաբար՝ փրկարարական աշխատանքների ավարտից հետո:
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Զոհվել է 7 քաղաքացի։ 21 քաղաքացի անհետ կորած է համարվում: Տարբեր ԲԿ-ներում բուժումը շարունակում է 12 տուժած:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։