ԱՄՆ նոր պատվիրակության այցը Թայվան Չինաստանի նոր զորվարժությունների առիթ է դարձել
ԱՄՆ կոնգրեսը Թայվան է ուղարկել նոր պատվիրակություն, որի անդամները հանդիպել են Թայվանի նախագահ Ցայ Ին Վենի հետ։ Հանդիպման ժամանակ Թայվանի ղեկավարը հայտարարել է, որ իր վարչակազմն աշխատում է դաշնակիցների հետ՝ ապահովելու կայունություն Թայվանի նեղուցում և պահպանելու ստատուս քվոն։
Այս այցի պատճառով Չինաստանը հայտարարել է Թայվանի շուրջ նոր զորավարժությունների մասին։ Associated Press գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ Պեկինը վճռական քայլեր կձեռնարկի իր պետական ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պահպանելու համար։
«Մի խումբ ամերիկացի քաղաքական գործիչներ, Թայվանի անկախության անջատողական ուժերի հետ միասին, փորձում են վիճարկել մեկ Չինաստանի սկզբունքը, ինչը դատապարտված է ձախողման»,- նշել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վանգ Վենբինը։
Օրեր առաջ Թայվան էր այցելել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ով վերջին 25 տարիների ընթացքում կղզի այցելած ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյան էր։ Այս այցի պատճառով Չինաստանը երկշաբաթյա զորավարժություններ էր սկսել Թայվանի շուրջ՝ ռազմական ինքնաթիռների, ռազմանավերի մասնակցությամբ։