Վարչապետի մեքենան երթևեկում է օրենքի խախտմամբ. Fip.am
Fip.am-ը գրել է.
«Օգոստոսի 15-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց «Սուրմալու» առևտրի կենտրոն, որտեղ երեկ տեղի էր ունեցել պայթյուն։
Ինչպես երևում է մամուլում տարածված տեսանյութերից, վարչապետի ավտոշարասյան ամենագնացներից մեկի առջևի մասում բացակայում է մեքենայի պետհամարանիշը։ Այնինչ, նույն մեքենայի ետնամասում համարանիշը կա՝ 001 UU: Սա հենց այն մեքենան է, որը սպասարկում է անձամբ վարչապետին, և Նիկոլ Փաշինյանն իջնում է հենց այս մեքենայից։
Հատկանշական է, որ վարչապետին ուղեկցող մյուս բոլոր մեքենաները հաշվառման համարանիշերը կրում էին սահմանված կարգով, և միայն անձամբ վարչապետին տեղափոխող մեքենան էր երթևեկում սահմանված կարգի խախտումով։
Ստացվում է, որ վարչապետը երթևեկում է օրենքի կոպիտ խախտմամբ, քանի որ ըստ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի՝ տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելվում է, եթե վարորդը տրանսպորտային միջոցը վարում է կեղծ, փոխված կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով կամ առանց համարանիշների։
Իսկ տրանսպորտային միջոցների համարանիշների հաշվառման և հատկացման կարգի համաձայն՝ թեթև մարդատար ավտոմոբիլներին հատկացվում են թվերի ու տառերի միևնույն հավաքածուն պարունակող 2 (դիմացի ու հետին) համարանիշներ։
Այսպիսով, վարչապետին տեղափոխող տրանսպորտային միջոցի՝ առջևի հատվածում հաշվառման համարանիշ չունենալը Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի խախտում է։
Ի դեպ, սա առաջին դեպքն է, երբ Նիկոլ Փաշինյանը երթևեկում է առանց հաշվառման համարանիշի, քանի որ նախկինում մամուլում տարածված բազմաթիվ տեսանյութերում երևում է, որ վարչապետին տեղափոխող մեքենան մշտապես կրել է հաշվառման համարանիշեր։