Միջազգային հանրությունը պետք է պահպանի շփումն Աֆղանստանի ժամանակավոր կառավարության հետ. Պեկին
Միջազգային հանրությունը պետք է կապեր պահպանի Աֆղանստանի ժամանակավոր կառավարության հետ՝ աջակցելով ներառական կառավարության ստեղծմանը, ապահովելով կառավարման չափավոր կուրս և երաշխավորելով երկրի բնակչության բոլոր շերտերի իրավունքները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Քաբուլում իշխանափոխության մեկամյակի կապակցությամբ Չինաստանի ԱԳՆ հայտարարությանը:
«Մենք նկատել ենք, որ մեկ տարի առաջ Աֆղանստանում թալիբների իշխանության վերադարձից հետո, 1990-ականների իշխանության ժամանակաշրջանի համեմատ, շատ դրական փոփոխություններ են եղել: Միևնույն ժամանակ, միջազգային հանրությունը դեռ շատ ակնկալիքներ և մտահոգություններ ունի՝ կապված Աֆղանստանի ժամանակավոր կառավարության հետ, և Աֆղանստանը դա հասկանում է»,-հայտնել ենՉինաստանի ԱԳՆ-ից։
Պեկինը կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է շարունակի կապ պահպանել Աֆղանստանի ժամանակավոր կառավարության հետ, խրախուսի և աջակցի լայն և ներառական կառավարության, չափավոր և խելամիտ կառավարում ստեղծելուն:
Միևնույն ժամանակ, միջազգային հանրությունը պետք է օգնի ապահովել, որ Աֆղանստանի իշխանությունները երաշխավորեն բոլոր աֆղանների, ներառյալ բոլոր էթնիկ խմբերի, կանանց և երեխաների հիմնարար իրավունքները, վճռականորեն պայքարեն ահաբեկչության բոլոր ձևերի դեմ և որքան հնարավոր է շուտ երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնեն Աֆղանստանում: