Եթե Թուրքիայում այժմ նախագահական ընտրություն անցկացվի, Քըլըչդարօղլուն կհաղթի Էրդողանին․սոցհարցում
Թուրքիայում գործող «Եվրասիա» հանրային կարծիքի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Քեմալ Օզքիրազը հրապարակել է կենտրոնի վերջին սոցիալական հետազոտության արդյունքները, որոնք ցույց են տալիս թուրքական քաղաքական կուսակցությունների վարկանիշը։
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ արդյունքներն ուշագրավ են եղել այն առումով, որ Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի կողմից հիմնադրված ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցությանը վստահություն է հայտնել հարցվածները 5․1 տոկոսը, իսկ գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) վստահության ցուցանիշով գերազանցել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP)։
Այսպես, հետազոտության մասնակիցներին տրվել է այն հարցը, թե որ կուսակցությանը ձայն կտան, եթե արտահերթ ընտրություններ անցկացվեն։ Նրանց պատասխաններից ձևավորվել է հետևյալ պատկերը․
1.«Ժողովրդահանրապետական» կուսակցություն (առաջնորդ՝ Քեմալ Քըլըչդարօղլու) – 29,9%,
2.«Արդարություն և զարգացում» կուսակցություն (առաջնորդ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողան) -28,5%,
3.«Լավ» կուսակցություն (առաջնորդ՝ Մերալ Աքշեներ) – 13,3%,
4.«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (համանախագահներ՝ Միդհատ Սանջար, Փերվին Բուլդան) – 10,5%,
5.«Ազգայնական շարժում» կուսակցություն (առաջնորդ՝ Դևլեթ Բահչելի) -7․1%,
6.«Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցություն (առաջնորդ՝ Ալի Բաբաջան)-5,1%։
Օզքիրազը ներկայացրել է նաև նախագահական ընտրությունների հետ կապված հարցման արդյունքները։ Ըստ այդմ, եթե Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Քեմալ Քըլըչդարօղլուն միաժամանակ առաջադրվեն որպես նախագահի թեկնածուներ Քըլըչդարօղլուն կստանա 56․5% ձայն, իսկ Էրդողանը՝ 35.8%։