Բրիտանացի գրող Սալման Ռուշդիին, որի սպանության վերաբերյալ Իրանը ֆեթվա էր հրապարակել, դանակահարել են դասախոսության ժամանակ (լուսանկարներ)
Բրիտանացի գրող Սալման Ռուշդիի (ծագումով հնդիկ) վրա հարձակվել է անհայտ տղամարդ, երբ գրողը բեմ է բարձրացել՝ Նյու Յորքի արևմտյան Chautauqua ինստիտուտում դասախոսություն կարդալու համար:
Associated Press-ի թղթակցի փոխանցմամբ՝ հարձակվողը սկսել է բռունցքներով, դանակով հարվածել Ռուշդիին, որից հետո նրան բռնել են անվտանգության աշխատակիցները:Նյու Յորքի ոստիկանության վարչությունը պարզաբանում է, որ գրողը դանակահարվել է պարանոցի հատվածում։ Նրան ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց։ Առայժմ ոչինչ հայտնի չէ գրողի վիճակի մասին։
2012 թվականին իրանական կրոնական 15-Khordad հիմնադրամը գրողի սպանության համար 3,3 միլիոն դոլար պարգևավճար է սահմանել։ 1989 թվականին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խոմեյնին ֆեթվա էր հրապարակել՝ կոչ անելով սպանել պարոն Ռուշդիին:Այսպես, Իրանի պաշտոնյաներն ու հաստատությունները արձագանքել են Սալման Ռուշդիի «Սատանայական բանաստեղծություններ» վեպի հրապարակմանը, որը նկարագրում է դրվագներ Մուհամեդ մարգարեի կյանքից, որոնք հակասում են մահմեդական սուրբ տեքստերին:
Վերը նկարագրված իրադարձությունների կապակցությամբ բրիտանական կառավարությունն իր պաշտպանության տակ էր վերցրել Ռուշդիին։ Նա բազմիցս հայտարարել է, որ չի փորձել իր ստեղծագործությամբ վիրավորել հավատացյալներին, իսկ վեպն ինքնին, որպես ամբողջության ստեղծագործական միավոր, չի կարող վիրավորել որևէ մեկի զգացմունքները։