Ալիևը հայտարարել է, որ իրենք պետք է վերադառնան Բերձոր, Աղավնո, Սուս
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենք պետք է վերադառնան Լաչին (Բերձոր), Զաբուխ (Աղավնո), Սուս։ Նա այս մասին ասել է AzTV-ին տված հարցազրույցում:
«Ես արդեն հանձնարարել եմ պետական կոմիտեին կապ հաստատել բնակիչների հետ։ Մենք շուտով նրանց կվերադարձնենք «իրենց տները» (չակերտները՝ Tert.am)», - ասել է նա։
Ալիևը նշել է, որ Ադրբեջանը «հավատարիմ» (չակերտները՝ Tert.am) է 2020 թվականի նոյեմբերի 10-ի (9) հայտարարությամբ ստանձնած բոլոր պարտավորություններին, որոնց վրա են հիմնված Լաչինը (Բերձոր) շրջանցող նոր ճանապարհի կառուցումը և ձեռնարկված այլ քայլերը։
«Հայաստանում պետք է հասկանան, որ գործընթացի ձգձգումն իրենց ոչինչ չի տա։ Նրանք սխալվում են, եթե կարծում են, որ մեկուկես տարի հետո ինչ-որ բան կփոխվի իրենց օգտին։ Ինչ-որ բան կարող է փոխվել, բայց մեր օգտին։ Բոլորը տեսնում են աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում։ Այս ամենը տեսնելու համար պետք չէ լինել մեծ քաղաքական գործիչ։. Իր աճող ռազմական, տնտեսական և քաղաքական հզորությամբ Ադրբեջանը հաղթեց Հայաստանին, որովհետև նրանք սխալվում են: Նրանք չեն հրաժարվել Ադրբեջանին իրենց «տարածքային հավակնություններից» (չակերտները՝ Tert.am)։ Ես նրանց պաշտոնապես զգուշացրել եմ հրաժարվել տարածքային պահանջներից։ Հակառակ դեպքում մենք կարող ենք նաև տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի դեմ»,- ասել է Ալիևը։
Հիշեցնենք, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի և Բերձորի բնակիչներին զգուշացրել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն Աղավնոն և Բերձորը:
Չնայած 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով նախատեսվում է, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա 3 տարիների ընթացքում կողմերի համաձայնությամբ պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Սակայն Ադրբեջանը, առանց այդ նախագծի հաստատման (այդպես պնդում է հայկական կողմը), Կոռնիձոր գյուղի սահմանից ճանապարհ է հարթել ներկա միջանցքից ավելի հարավ։
Օգոստոսի 4-ին ՀՀ կառավարության նիստում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել է, որ նոր ճանապարհին ՀՀ-ի կողմից միացող Տեղ-Կոռնիձոր-սահման հատվածը պատրաստ կլինի 2023-ի գարնանը, աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։