Պաշտեք որքան ուզում եք, բայց ինչու եք նույնը պահանջում
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․
Ամեն ինչի ծայրահեղը տհաճ է: Ֆանատիզմի, կռապաշտության է նմանվում, երբ մարդն ինչ որ մեկին սկսում է աստվածացնել, պաշտել եւ թերությունները չնկատել: Երբեմն այդ ֆանատիզմը հասնում է նրան, որ սեփական կուռքին չպաշտողներին անգամ սկսում են ատել ու մերժել: Ես դեմ չեմ, որ կարելի է ամբողջ հոգով սիրել Նիկոլ Փաշինյանին, կամ` Սերժ Սարգսյանին, կամ` Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին: Կարելի է նրանց բոլոր արարքներն արդարացնել, նրանց ամեն քայլով զմայլվել եւ համարել, որ Բարձրյալի ներկայացուցիչներն են երկրագնդի վրա եւ նրանց ոչ միայն ամեն ինչ ներելի է, այլ ներելի չէ նրանց չսիրելն ու քննադատելը: Կարելի է ատել Ռուսաստանը կամ հավաքական արեւմուտքը: Համարել, որ աշխարհի բոլոր չարիքները բխում են քեզ համար ատելի բեւեռից: Այ, եթե այդ բեւեռը պարտվի, ոչնչանա, դուրս մղվի ասպարեզից, երկրագնդի վրա կհաստատվի լիակատար խաղաղություն, բարեկեցություն եւ իդիլիա:
Կարելի է անգամ սեփական կուռքերի եւ պաշտամունքի առարկաների ատրուշաններ սարքել եւ ամեն օր աղոթել ու մոմ վառել նրանց արեւշատության համար: Բայց ինչո՞ւ նույնը պահանջել նաեւ ուրիշներից:
Եթե Պողոսը պաշտում է Նիկոլ Փաշինյանին, Պետրոսը, Փիլիպոսը եւ Բաղդասարը նույնպե՞ս պարտավոր են պաշտել: Կամ` եթե ոմանց կարծիքով Լեւոն Տեր-Պետրոսյանը հայ քաղաքական մտքի անհասանելի գիգանտն է եւ մարգարեն ու հայ ազգը տուժել է միմիայն այն պատճառով, որ նրա` 1997-ի ծրագիրը չի իրականացել, մյուսները պարտավո՞ր են արդյոք նույն կերպ մտածել: Եւ եթե այդպես չեն մտածում արդյո՞ք նրանք տգետ են, բութ, դավաճան եւ հանցագործ: Կարող է, չէ՞, մարդն այսինչ հարցում համաձայն լինել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, որոշ հարցերում` ոչ այնքան, իսկ ինչ-ինչ հարցերի հետ կապված էլ քննադատել նրա վարած քաղաքականությունը եւ արտահայտած մտքերը: Կամ` կարող է, չէ՞, մարդը տեսնել արեւմուտքի առավելությունները, բայց նաեւ գիտակցել թերությունները: Կամ` հասկանալ, որ Ռուսաստանն այսօր աշխարհի լավագույն երկիրը չէ, բայց հազար թելերով կապված է Հայաստանին եւ այդ թելերը կտրելը ռիսկերով լեցուն գործընթաց է: Գիտակցել, որ անգամ եթե այդ թելերը կտրեցիր, նոր «թելեր» կապելու եւ այս ալեկոծված ծովից Հայաստանը դուրս բերելու շանսերն այնքան էլ մեծ չեն:
Գուցե այսպիսի եւ այլ պնդումներն էլ իրավացի չեն եւ կյանքն առաջիկայում բոլորովին այլ ճշմարտություն է մեր առաջ բացելու, բայց ինչո՞ւ թույլ չտալ, որ մարդը քեզնից տարբերվող կողմնորոշում, կարծիք, հայացք ունենա: Ինչո՞ւ չենթադրել, որ ճիշտը գուցե նա է, այլ ոչ թե դու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։