Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի անդամները ֆեդերալ կառավարությունից պահանջել են դատապարտել ադրբեջանական ագրեսիան
Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում` Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներն օգոստոսի 9-ին դիմել են Ավստրալիայի արտգործնախարար Փոնի Վոնգին՝ պահանջելով դատապարտել ադրբեջանական ագրեսիան։ Նամակը հեմատեղ ստորագրեն են Նոր Հարավային Ուելսի օրենսդրական համագումարի խոսնակ Ջոնաթան Օդեան և օրենսդրական խորհրդի անդամ Ուոլթ Սեքորդը։ Վերջինս Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահն է։
Նամակում մասնավորապես անդրադարձ է կատարվում քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական վերջին հարձակումներին և 2020թ․ նոյեմբերին ձևավորված շփման գիծը խախտելու ադրբեջանական փորձերին, ինչը հանգեցրել է զոհերի ու վիրավորումների և խախտել մարդու մի շարք հիմնարար իրավունքներ։ Նամակը ստորագրած խորհրդարանականներն ավստրալիական կառավարությունից պահանջել են հրապարակայնորեն դատապարտել ադրբեջանական ագրեսիան։
Ի թիվս այլնի, նամակի հեղինակները նաև ընդգծել են, որ ադրբեջանական վերջին ագրեսիան, որը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել Բերձորի ու Աղավնոյի շրջանները, որտեղով անցնում է Լաչինի միջանցքը, Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 7-րդ հոդվածի աղաղակող խախտում է։
Անդրադառնալով հիշյալ գրությանը՝ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Մայքլ Քոլոքոսյանը հայտարարել է․ «Ավստրալիահայ համայնքի անունից շնորհակալություն ենք հայտնում Ջոնաթան Օդեային և Ուոլթ Սեքորդին՝ բազմաթիվ միջազգային քաղաքական առաջնորդների միանալու համար, ովքեր ձգտում են պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները՝ փորձելով կանխել ինքոնորոշված Արցախի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական ագրեսիան»։