ԱԷՄԳ-ի ղեկավարը կմասնակցի Զապորոժիեի ատոմակայանի հարցով ՄԱԿ ԱԽ նիստին
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին այսօր ելույթ կունենա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում և կհայտնի Զապորոժիեի ատոմակայանում տիրող իրավիճակի մասին, հաղորդում է Interfax գործակալությունը։
Ըստ Գրոսսիի տարածած հայտարարության՝ նա կտեղեկացնի նաև մոտ ապագայում ատոմակայան փորձագետների այցի մասին, որոնց կգլխավորի անձամբ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա Երևանի ժամանակով ժամը 23-ին։ Գրոսսին դրան կմիանա տեսակապի միջոցով։
Նիստը հրավիրել է Մոսկվան. առիթը Զապարոժիեի ատոմակայանի՝ օրերս տեղի ունեցած գնդակոծությունն է, որի համար Ռուսաստանն ու Ուկրաինան մեղադրում են մեկը մյուսին։ Ատոմակայանը մարտից գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության տակ։
Զապորոժիեի ատոմակայանը Եվրոպայում ամենամեծն է, այն ունի 6 էներգաբլոկ։
Օրեր առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ատոմակայանի վրա ցանկացած հարձակում անվանել էր «ինքնասպանություն»։