«Արվեստանոց» նախագիծը՝ ժամանակակից արվեստագետներին ներկայացնելու հարթակ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան իրականացնում է «Արվեստանոց» նախագիծը, որը նվիրված է հայկական ժամանակակից գեղանկարչության և քանդակի նշանակալի դեմքերին և կերպարվեստի ոլորտի արդի զարգացումներին:
Ծրագրի նպատակն է հասարակության շրջանում զարգացնել հետաքրքրությունը և գիտելիք փոխանցել մշակութային ոլորտի վերաբերյալ, ծանոթացնել մեր ժամանակի ականավոր արվեստագետներին, վերջիններիս ստեղծագործական կյանքին և արվեստի բնագավառում ստեղծագործական աշխատանքի հիմունքներին և հնարավորություններին` խրախուսելով հետաքրքրությունը գեղարվեստի տարբեր ուղղությունների նկատմամբ և նպաստելով շահառուների հետագա մասնագիտական կողմնորոշմանը: Նախագիծն իրականացվում է 2020 թվականից:
Այս տարի նախագծի 3-րդ եթերաշրջանն է, որը ներառում է 4 մասից բաղկացած մշակութային հաղորդաշարի նկարահանում և հեռարձակում՝ յուրաքանչյուրը 10-ից 15 րոպե տևողությամբ։
Շարքի նախորդ եթերաշրջանների թողարկումները նվիրված են եղել ժողովրդական նկարիչներ Գետիկ Բաղդասարյանին, Ռոբերտ Էլիբեկյանին, գեղանկարիչներ Էդուարդ Խարազյանին, Ավետիս Խաչատրյանին, անիմատոր Նաիրա Մուրադյանին, քանդակագործ Գևորգ Թադևոսյանին, երիտասարդ արվեստագետներ Նարինե Ալեքսանյանին, Մանվել Մաթևոսյանին, ֆիլմաշարում բանախոսություններով հանդես են եկել արվեստաբան Արարատ Աղասյանը, գեղանկարիչ Սերգեյ Խաչատրյանը և այլք։