Մենք արեցինք այն, ինչ կարողացանք, իսկ ով մեզ մեղադրում է՝ հրապարակն էլ է ազատ, կառավարության դիմացն էլ է ազատ, թող իշխանափոխություն անեն.Վահե Հակոբյան․ «Փաստինֆո»
Արցախի ղեկավարության հանցավոր պայմանավորվածության և նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները խախտելու հետևանք է Բերձորի և Աղավնոյի հանձնումը: Հայաստանի իշխանությունն էլ այս պահին ձեռքերը լվացել է Արցախից, որպեսզի ցույց տան հանրությանը, թե իրենք կապ չունեն այս ամենի հետ, բայց ինչպե՞ս կարող է Հայաստանը, որն Արցախի անվտանգության երաշխավորն է, մի կողմ կանգնի այս իրավիճակում, սա կոչվում է սաբոտաժ։ Հանցավոր անգործության հետևանքով մենք հերթական պարտությունն ունեցանք: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:
Պատգամավորն արձանագրում է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ խոսք չկա Բերձորի և Աղավնոյի հանձման մասին, այնտեղ միայն Բերձորը շրջանցող նոր ճանապարհի մասին է նշվում.
«Բայց, որ Աղավնոն և մյուս երկու բնակավայրերը պետք է հանձնվեն խոսք չկա դրա մասին, որտե՞ղ է գրված նման բան»,-ասաց նա:
Հարցին՝ այս պահին կա՞ ինչ-որ տարբերակ Բերձորի և Աղավնոյի հանձնումը կանխելու համար, Վահե Հակոբյանը պատասխանեց՝ պետք է Արցախում դիմադրության շարժում սկսվի, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեն խնդրի վրա. «Արցախում պետք է առաջինը սկսեն պայքարը, հետո մյուս ուժերը սատարեն: Արցախը պետք է դիմադրի և փորձի միջազգային հանրության ուշադրությունը վերջապես սևեռել մեր հարցի վրա: Կոսովոյում էլ է նույն խնդիրը, բայց Կոսովոյի անկախությունը մի շարք երկրներ ճանաչել են, բա Արցախն ինչու՞ չեն ճանաչում, դնենք մի կողմ, որ Հայաստանը չի ճանաչում, վատն է ՝չի ճանաչում, բա դուք ինչո՞ւ չեք ճանաչում։ Այստեղ մենք վերադառնում ենք մեր հին թեմային՝ նավթ, գերպետությունների հետաքրքրություն, գեոպոլիտիկ իրավիճակ, սա է ողջ խնդիրը»,-ասաց Հակոբյանը:
Այս օրերին հաճախ են ընդդիմության հասցեին մեղադրանքներ հնչում, որ որևէ քայլ չի ձեռնարկում՝ նոր տարածքների հանձնումը կանխելու համար, ընդհակառակը, այս իրավիճակում «ժամանակավոր դադար» է հայտարարել ընդդիմությունը:
Արձագանքելով այս մեղադրանքներին՝ Վահե Հակոբյանն ասաց՝ ընդդիմության դադարը վերաբերվում է միայն հանրահավաքների անցկացմանը, բայց դաշինքը և ֆրակցիան իր ակտիվ գործունեությունը չի դադարեցնում, իսկ վաղը իրենց հերթական գործողության մասին կտեղեկացնեն։
«Ես չեմ հասկանում մեզ մեղադրողներին, մենք արեցինք այն, ինչ կարողացանք անել և շարունակելու ենք։ Հիմա ժամանակն է, որ դադար վերցնենք, շունչ քաշենք, բնակիչների մի մասը երկրում չէ, եղանակը շոգ է, առհասարակ, բոլոր տեղերում օգոստոսին քաղաքական իրադարձությունները դադարում են:
Մենք մեռանք ասելով, որ եթե այս կառավարությունը մնա, զիջումներն ու պարտությունները շարունակվելու ենք, տեսա՞ք, էլի ենք ասում, որ եթե իրենք մնան, շարունակելու ենք պարտվել՝ մինչև մեր պետականության կորուստը։ Մենք էլ ի՞նչ կարող էինք անել։ Ընդդիմադիրներից շուրջ 150 հոգի քրեական մեղադրանքներով են անցնում, նրանց շինծու մեղադրանքներով պահում են փակի տակ՝ կալանավայրերում, մենք էլ ինչ անենք:
Իսկ, ով մեզ մեղարդրում է՝ հրապարակն էլ է ազատ, կառավարության դիմացն էլ է ազատ, տեղն էլ գիտեն, թող գնան և իշխանափոխություն անեն, եթե մեզանից լավ կարող են անել, մենք այսպես ենք ճիշտ գտնում»,-եզրափակեց Վահե Հակոբյանը: