Վիճաբանություն՝ չգործող ռեստորանի մոտ. հնչել է կրակոց
Երեկ՝ օգոստոսի 8-ին, կրակոց է հնչել Գեղարքունիքի մարզում: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում և ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 11:00–ի սահմաններում Վարդենիս քաղաքի «Դռուժբա» կոչվող չգործող ռեստորանի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները, Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ ձեռնարկելով համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 36-ամյա Էդվարդ Մանուկյանը և 62-ամյա Հովիկ Մուրադյանը նշված վայրում վիճաբանել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Մխիթար Ղազարյանի հետ, որի ընթացքում էլ Է. Մանուկյանը իր մոտ ապօրինի պահած ատրճանակից կրակոցներ է արձակել:
Ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերում են Է. Մանուկյանին, ով տեղափոխվում է ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ էլ ոստիկանների կողմից անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերվում է հանցագործության գործիք ատրճանակը:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Է. Մանուկյանը՝ ատրճանակով հանդերձ, ներկայացվում է քննչական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներից Հ. Մուրադյանը աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության Վարդենիսի տեղամասի պետ: