Քանյե Ուեսթը «ծաղրել» է Քիմ Քարդաշյանի և երիտասարդ ընկերոջ բաժանումը, սակայն ժամեր անց ջնջել է հրապարակումը (լուսանկարներ)
Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը նախկին ամուսնուն՝ ռեփեր, դիզայներ, պրոդյուսեր Քանյե Ուեսթին, քննադատել է Instagram-ում «սարսափելի» հրապարակման համար, որով ծաղրել է Քարդաշյանի ու նրա արդեն նախկին սիրելի Փիթ Դևիդսոնի բաժանումը:
Ինչպես գրում է Daily Mail-ը, վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրը, Քարդաշյանն իր չորս երեխաների հորից պահանջել է ջնջել հրապարկումը:
«Քիմը չի դիմանա սրան: Նա պահանջում է, որ Քանյեն ջնջի հրապարակումը... Նա երբեք չի վերամիավորվի Քանյեի հետ այն պատճառով, թե ինչպես է նա վերաբերվում այն մարդկանց, որոնց ինքը սիրում և հարգում է», - ասել է աղբյուրը:
Հաղորդվում է, որ Ուեսթն ի վերջո հեռացրել է գրառումը Instagram-ի իր էջից:
Հիշեցնենք, որ 41-ամյա Քարդաշյանը 28-ամյա Դևիդսոնից բաժանվել է անցած շաբաթ: Մեկ տարուց էլ քիչ միասին անցկացրած զույգը որոշել է պարզապես ընկերներ մնալ:
Սակայն 45-ամյա Քանյե Ուեսթը չի կարողացել անտարբեր մնալ զույգի բաժանման թեմայի կողքով՝ Instagram-ում տեղադրելով New York Times թերթի կեղծ նկարը՝ «Սքիթ Դևիդսոնը մահացել է 28 տարեկանում» գրությամբ՝ ակնարկելով Փիթին: