Անհավանական է. Լեւոն Արոնյանը՝ Հայաստանի թիմի մասին
Լեւոն Արոնյանը թվիթերյան գրառումով մեկնաբանել է 44-րդ Համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականի արդյունքը։
Հայաստանի հավաքականը Չենայում անցկացված Օլիմպիադայում վաստակեց 19 միավոր (11 տուր, հաղթանակի համար՝ 2 միավոր) եւ գրավեց երկրորդ տեղը։ Նույնքան միավորով առաջին անգամ չեմպիոն դարձավ Ուզբեկստանի հավաքականը։ Երրորդ տեղը գրավեց Հնդկաստանի երկրորդ թիմը՝ 18 միավոր։
«Ուզբեկստանի եւ Հնդկաստանի երկրորդ թիմի երիտասարդները անհավանական մրցելույթ ունեցան, բայց ինձ համար առանձնահատուկ էր Հայաստանի մրցելույթը։ Նվաճել արծաթե մեդալ եւ այդքան մոտ լինել տիտղոսին՝ անհավանական է։ Ես շատ հպարտ եմ այդ առիթով։ Հույս ունեմ՝ այս սենսացիոն մրցելույթը կունենա արժանի ճանաչում»,- Թվիթերում գրել է Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը, որն առաջին անգամ ներկայացնում էր ԱՄՆ-ի թիմը եւ Հայաստանի հետ դիմակայությունը բաց թողեց այս մրցաշարում։
ԱՄՆ-ի հավաքականը 17 միավորով գրավեց 6-րդ տեղը։