Խաղաղասիրության լոզունգներն ավելի սեքսի են, բայց ավելի աղետալի. Արմեն Գրիգորյան
hraparak.am-ը գրել է.
Պարզ է, որ ընդդիմադիրի եւ իշխանության դերում մարդը տարբեր կերպ է նայում իրադարձություններին։ Բայց երբ թունդ ընդդիմադիրը դառնում է իշխանություն, պետք է հիշի իր նախորդ կյանքը, նախորդ հայտարարությունները եւ նախկինում պաշտպանած սկզբունքները։ Պարզվեց՝ ՔՊ-ականներն իշխանության գալով իսպառ մոռացել են, թե ժամանակին ինչ են ասել, ինչ են քարոզել։ Ավելին՝ այսօր արտաբերված յուրաքանչյուր բառը հակասում է նախորդ ասածներին։
Համացանցից գտանք Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի նախկին գրառումներից մեկը, որը նա դրել է իր էջում 2014 թվականին՝ երբ դեռ ընդդիմություն էր, քաղհասարակություն էր եւ հոդվածներով էր հանդես գալիս տարբեր լրատվամիջոցներում։
Այս գրառման մեջ Արմեն Գրիգորյանը, որն այսօր գործող իշխանությունների արտաքին քաղաքականության գլխավոր դեմքերից է եւ խաղաղության դարաշրջանի առաջին ջատագովներից, հայտարարում է, որ «Պացիֆիստական ցանկացած շարժում ի սկզբանե ձախողված է»։ Պացիֆիզմը խաղաղասիրությունն է։ Եւ օրինակ է բերել, որ խաղաղասեր Չեմբեռլենը կատասրտոֆիկ պատերազմ է բերել Անգլիայի գլխին։ Հիմա փաստորեն ինքն ու Նիկոլ Փաշինյանն են որոշել պատերազմ բերել։ Եւ ամենակարեւորը․ ասում է, որ «Խաղաղության միակ երաշխիքը ուժերի բալանսն է, իսկ բալանսն ապահովելու համար պետք է պատրաստվել պատերազմի»։ Հումոր էլ է անում այս թեմայով․ «Հա, ճիշտ է՝ խաղաղասիրության լոզունգներն ավելի սեքսի են, բայց ավելի աղետալի»։
Եւ եզրակացությունը՝ «Պատերազմին պատրաստվողներն ավելի շատ խաղաղություն են բերել աշխարհին, քան խաղաղության պատրաստվողները»։
Հիմա հարց է ծագում՝ եթե այսքանը հասկանում եք, ինչու եք խաղաղասիրություն քարոզում եւ ինչու չեք պատրաստվում պատերազմի։