Մեղրիում ռուս խաղաղապահները մոդուլային հենակետեր են տեղադրել և սահմանային ծառայություն են իրականացնում. Մեղրիի համայնքապետի պարզաբանումը
Մեղրի խոշորացված համայնքում ռուս խաղաղապահների կողմից շուրջ 5 մոդուլային հենակետեր են տեղադրվել, որտեղ ռուսական սահմանապահ զորքերը սահմանային ծառայություն են իրականացնում: «Փաստինֆո»-ին այս մասին հայտնել է Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը:
Մեզ հետ զրույցում համայնքապետը մանրամասնեց, որ հենակետերից մեկը տեղադրված է Մեղրի-Ագարակ ճանապարհին՝ Արաքսի ափին, մյուսը՝ դեպի Ագարակ գնացող ճանապարհին, հենակետ տեղադրված է նաև Շվանիձոր գնացող ճանապարհին, ևս երկու հենակետ էլ տեղադրված է դեպի գյուղեր գնացող միջհամայնքային ճանապարհներին:
Բագրատ Զաքարյանի հաղորդմամբ՝ Ագարակ-Մեղրի ճանապարհին ռուս խաղաղապահները մոդուլային հենակետեր են տեղադրել դեռևս 8-9 ամիս առաջ:
Մեղրի համայնքապետը պարզաբանեց, որ ռուս խաղաղապահները ծառայություն են իրականացնում՝ Պետական սահմանի մասին օրենքի համաձայն.
«Ծառայողական անհրաժեշտությունից և իրավիճակից ելնելով՝ ռուս խաղաղապահները կարող են ժամանակ առ ժամանակ դադարեցնել երթևեկությունը ու ստուգումներ իրականացնել, անվտանգության երաշխավորներից մեկն էլ իրենք են հանդիսանում և իրենց ծառայությունն են մատուցում ներկա պահին»,-ասաց Բագրատ Զաքարյանը:
Համայնքապետը հորդորեց մյուս պարզաբանումները ստանալ ՀՀ կառավարությունից: