Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքում բռնկված հրդեհը մեծ վնաս է պատճառել, տարհանվել է մոտ 85 քաղաքացի
Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքի նկուղից մինչև 17-րդ տարածված հրդեհը մեծ վնաս է պատճառել, տարհանվել է մոտ 85 քաղաքացի։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 7-ին, ժամը 11։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքի վերելակի հորանում հրդեհ է բռնկվել․ կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը:
Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և գազածխապաշտպան ծառայության մեքենան։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հայրիկ Մուրադյան փողոցի թիվ 42/2 տասնութ հարկանի շենքի 8-րդ հարկի մակարդակում՝ մալուխների հորանում, և տարածվել 0-ից 17-րդ հարկ։
Իրականացվել են բնակիչների տարհանման աշխատանքներ․ մոտ 85 քաղաքացի տարհանվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 13։41-ին, մարվել՝ 13։59-ին։
Նշվում է, որ այրվել են մալուխներ, էլեկտրական հաշվիչներ, 8-րդ հարկում՝ 3 բնակարանի մուտքի դուռ (երկուսը՝ ամբողջությամբ, 1-ը՝ մասնակի), շքամուքը՝ ամբողջությամբ, որպես խորդանոց օգտագործվող 4 դարակաշար և 1-ին հարկում գտնվող գրախանութ-տպարանում՝ մոտ 2 խմ գիրք և թղթեր: