Երևանում՝ շենքի վերելակի հորանում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 65 քաղաքացի. ԱԻՆ (լուսանկարներ)
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 7-ին, ժամը 11։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքի վերելակի հորանում հրդեհ է բռնկվել․ կան տուժածներ։
Նախարարությունն ահազանգի վերաբերյալ մանրամասներ է հայտնում, ըստ որի՝ ժամը 13։36-ի դրությամբ տարհանվել է 65 քաղաքացի, հրդեհը մեկուսացվել է ժամը 13։41-ին, մարվել՝ 13։59-ին։
Նշենք, որ դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը:
Հայտարարվել էր հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և գազածխապաշտպան ծառայության մեքենան։