«Հանրային ձայնի» նախագահ ընտրվեց Արտակ Գալստյանը, պատվավոր նախագահ՝ Վարդան Ղուկասյանը
ՔաղաքականՉնայած ամառվա տապին՝ լեփ լեցուն դահլիճում կայացավ ռազմական ոստիկանության նախկին սպա Վարդան Ղուկասյանի` Դոգի «Հանրային ձայն» կուսակցության հիմնադիր համագումարը, հաղորդում է Iravunk.com-ը:
Հյուրերի շարքում էին «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանը, գրող, հրապարակախոս Ռուզան Ասատրյանը, «Եզդիների տուն» նախաձեռնության ղեկավար, իրավապաշտպան Այսեր Իսայանը, փաստաբան Արսեն Մկրտչյանը, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը եւ այլք:
Կուսակցության ծրագրային ելույթով տեսակամուրջի միջոցով ելույթ ունեցավ Վարդան Ղուկասյանը, ով, ի դեպ, մինչեւ կուսակցություն բացելն արդեն իսկ հայտնի էր հանրային լայն շրջանակներին իր «Հանրային ձայն»-ով ու մեծ լսարան ունեցող յութուբյան իր վարած բլոգով: Այնուհետեւ ելույթով հանդես եկավ «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը, էքստրասենս Կարեն Եմենջյանը, իրավապաշտպան Այսեր Իսայանը եւ ուրիշներ:
Ելույթներից հետո՝ Վարդան Ղուկասյանն առաջարկեց, որ Արտակ Գալստյանն առաջադրվի՝ որպես կուսակցության նախագահ, Արտակ Գալստյանն էլ իր հերթին առաջարկեց, որպեսզի Վարդան Ղուկասյանը լինի կուսակցության դե ֆակտո պատվավոր նախագահը՝ օժտված նույն լիազորություններով, ինչ-որ կունենա կուսակցության նախագահը: Ընտրությունը կայացավ միաձայն: Ի դեպ, կուսակցության կառավարման խորհրդում ընդգրկվեց նաեւ հաղորդավար, լրագրող Համլետ Ղուշյանը:
Նշենք, որ վերոնշյալ կուսակցությունն իր հիմնական դրույթները խարսխել է Հայաստանը եւ Արցախը միասնական ու հզոր տեսնելու կարեւորագույն նպատակի վրա: Այսպիսով՝ կուսակցության հիմնական դրույթներն են՝ անվտանգություն, սոցիալական արդարություն, արտաքին քաղաքականություն, իրավունքի եւ օրենքի գերակայություն, տեղական ինքնակառավարում, կոռուպցիայի դեմ պայքար, տնտեսական քաղաքականություն, կրթության եւ գիտության ոլորտների քաղաքականություն, մշակույթ, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն:
Իսկ կանոնադրության մեջ «Հանրային ձայնը» ամրագրել է՝ պետական անվտանգության ապահովումը, արդյունավետ կառավարման մոդելի ներդրումը, ներքաղաքական կայունության հաստատումը, ժողովրդավարական ինստիտուտների եւ քաղաքական համակարգերի կայացման աջակցությունը, ընտրական համակարգերի կատարելագործում, հայի ազգային ինքնության պահպանմանն ուղղված ծրագրերի անցկացում, ՀՀ-ում քաղաքական, սոցիալական, տնտեսական եւ իրավական կառուցակարգերի կատարելագործում, կոռուպցիայի դեմ պայքար, հարկային վարչարարության թեթեւացում: