Սպիտակ տան մոտ չորս մարդ տուժել է կայծակից
Չորս մարդ կյանքի համար վտանգավոր վնասվածքներ է ստացել կայծակի հարվածից Վաշինգտոնում, Սպիտակ տան առջեւ, Լաֆայեթ-սքվեր հրապարակում, տեղեկացրել է Կոլումբիայի օկրուգի հրշեջ ծառայության ներկայացուցիչը, հաղորդել է «Голос Америки»-ն։
Տուժածները (երկու կին եւ երկու տղամարդ) տեղափոխվել են հիվանդանոց՝ կյանքի համար վտանգավոր վնասվածքներով, նրանք ծայրահեղ վիճակում են, տեղեկացրել է Կոլումբիայի օկրուգի հրշեջ ծառայության եւ շտապօգնության ներկայացուցիչ Վիտո Մաջոլոն։
Լաֆայեթ-սքվերը Սպիտակ տան առջեւի հրապարակն է, ամռան ամիսներին այստեղ են այցելում ինչպես ԱՄՆ մայրաքաղաքի հյուրերը, այնպես էլ տեղացիները։ Կայծակի հարվածը խոցել է չորս մարդու, որոնք կանգնած են եղել Սպիտակ տան պարսպից մի քանի մետր հեռու գտնվող ծառի մոտ։
Հինգշաբթի ջերմաստիճանը Վաշինգտոնում գերազանցել է Ցելսիուսի 32 աստիճանը, բայց մեծ խոնավության հաշվառմամբ՝ շոգն զգացվել է 37,7 աստիճանի մակարդակում։ Ուշ երեկոյան Վաշինգտոնում ուժեղ ամպրոպ է եղել։