ԱՄՆ-ում կատուն արթնացրել է տիրոջը եւ օգնել նրան կանխել կողոպուտը
ԱՄՆ-ում կատուն արթնացրել է տիրոջը, երբ կողոպտիչները փորձել են ներխուժել նրա տուն, գրում է Associated Press-ը։
Միսիսիպիի բնակիչներից մեկը պատմել է, որ 2022-ի հուլիսի 25-ի գիշերը Բանդիտ անունով եւ 9 ֆունտ կշռող իր կատուն սկսել է մլավել խոհանոցում, ինչից նա արթնացել է։ Տղամարդը չէր շտապում վեր կենալ անկողնուց, եւ այդ ժամանակ ընտանի կենդանին ինքն է եկել նրա մոտ, սկսել քաշել վերմակը եւ ճանկել ձեռքերը:
Ամերիկացին որոշել է ստուգել, թե ինչու է կատուն իրեն այդպես պահում եւ դռան հետեւում տեսել է երկու երիտասարդի։ Մեկը կանգնած էր ատրճանակով, իսկ մյուսը փորձում էր լոմով բացել դուռը։
Կատվի տերը պատմել է, որ մինչ ինքը վերցրել է ատրճանակը եւ վերադարձել խոհանոց, կողոպտիչներն արդեն փախել էին։ Տեղի ունեցածից հետո տղամարդը ոստիկանություն չի դիմել։
«Դուք լսել եք պահակ շների մասին։ Սա պահակ կատու է»,- ասել է ամերիկացին։