Մեդվեդևը մեկնաբանել է VKontakte-ի էջում սկանդալային հրապարակումը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ և Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է VKontakte սոցցանցում օգոստոսի 2-ին իր էջի վրա հաքերային հարձակումը: Երկու օր առաջ Մեդվեդևի էջում հայտնվել էր գրառում ըստ որի՝ Ուկրաինայում ռազմական հակամարտության ավարտից հետո Ռուսաստանը կվերականգնի իր պատմական սահմանները, մասնավորապես, խոսվում էր Վրաստանի և Ղազախստանի մասին, գրում է kommersant.ru-ն։
Մեդվեդևն իր էջի կոտրումը որակել է «տեղեկատվական պատերազմի» դրսևորում, որի նպատակն է «Ռուսաստանի և ԱՊՀ-ի երկրների ընկերների միջև վեճը»։
ՌԴ փոխնախագահի խոսքով՝ «թշնամի երկրները» փորձում են այս կերպ իրար դեմ հանել ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի շրջանակում դաշնակիցներին:
«Կան բազմաթիվ թշնամի երկրներ և քաղաքական գործիչներ, որոնք շահագրգռված են իրար դեմ հանել ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի շրջանակում դաշնակիցներին։ Մենք նրանց այդ հաճույքը չենք պատճառի և դրան է ուղղված մեր երկրի բոլոր իշխանությունների և մեր գործընկերների աշխատանքը։ Ակնհայտ են նման «աշխատանքի» պարզ մեթոդները՝ հայտնի մարդու անունից մեդիադաշտ նետել հարևանների մասին կոպիտ կամ զգայուն որևէ բան, խաղալ պատմական սյուժեների վրա, սպասել կեղծ տեղեկության անխուսափելի հեռացմանը, այնուհետև առևտուր անել: Իբրև Ռուսաստանում ամեն ինչ արեցին միտումնավոր, կոշտ ազդանշան ուղարկեցին հարևաններին, իսկ հետո դիվանագիտորեն հեռացրին այն: Թվում է, թե հետքեր չկան, բայց «նստվածքը» մնում է։ Ահա դրանք՝ «ռուսների իրական մտադրությունները»։ Ահա նրանց «ագրեսիվ պլանները»», - գրել է Մեդվեդևը VKontakte սոցիալական ցանցի իր էջում։