Նոր մանրամասներ՝ Անատոլի Չուբայսի առողջական վիճակի մասին
Հայտնի ռուս լրագրող Քսենիա Սոբչակին նոր մանրամասներ են հայտնի դարձել ռուս քաղաքական, պետական գործիչ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին ներկայացուցիչ Անատոլի Չուբայսի առողջական վիճակի մասին:
Հղում անելով քաղաքական գործչի կնոջ փոխանցած տեղեկություններին՝ Սոբչակն իր տելեգրամյան ալիքում գրել է, որ Չուբայսի մոտ վերջնականապես ախտորոշել են, այսպես կոչված, Գիյեն-Բարրեի հիվանդություն:
«Վիճակը կայունացել է, սակայն Անատոլի Բորիսովիչը նախկինի պես գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. դժվարանում է շարժել ոտքերն ու ձեռքերը, չի փակում աչքերը, դեմքի մասնակից կաթված ունի», - գրել է լրագրողը՝ կից հրապարակելով Չուբայսի լուսանկարը հիվանդասենյակից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուս պետական գործչի ինքնազգացողությունը վատացել էր, ինչից հետո նրան տեղափոխել են Իտալիայի կլինիկաներից մեկը: