Կովկասի բնության գրավիչ հրաշալիքները. Խոսրովի անտառն ու «Դիլիջան» պարկը «Forbes»-ի առաջարկների ցանկում են
Հայաստանի բնության հրաշալիքներից «Խոսրովի անտառ» պետական արգելոցն ու «Դիլիջան» ազգային պարկն ընդգրկվել են «Forbes»-ի առաջարկած նախընտրելի զբոսաշրջային վայրերի ցանկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Կովկասի բնության հինգ գրավիչ հրաշալիքները» խորագրով հրապարկման մեջ հեղինակն առաջարկում է վայելել ազգային պարկերի և բնության արգելոցների տպավորիչ գեղեցկությունը:
Ներկայացնելով «Խոսրովի անտառ» պետական արգելոցը՝ նշվում է, որ այն ստեղծվել է 300-ական թվականներին Խոսրով 3-րդ թագավորի կողմից հիմնված անտառի տարածքի մի մասի վրա։
«Արդի շրջանում գիհու և կաղնու ծառերով հարուստ այս անտառային տարածքը հայտնի է բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ, գիշատիչներով՝ գայլ, լուսան, գորշ արջ: Երջանիկ այցելուները կարող են տեսնել նաև ընձառյուծներ»,-ասված է հրապարկման մեջ:
Հայաստանի բնության հրաշալիքներից հաջորդ առաջարկը «Դիլիջան» ազգային պարկն է, որը հարուստ է հսկայական անտառներով, ինքնատիպ ֆաունայով ու դարավոր կառույցներով՝ հենց Հայաստանի սրտում։ Տարածաշրջանն առանձնանում է տիպիկ հայկական թռչուններով, կաթնասուններով, երկկենցաղներով, սակայն զբոսաշրջության համար այս ամենանշանակալի տեսարժան վայրը կապված է տեղի բնակիչների հետ:
«Դիլիջանում են գտնվում բազմաթիվ պատմական կրոնական կառույցներ, այդ թվում, Հաղարծին վանքը, ինչպես նաև Գոշավանքը՝ հսկայական համալիր, որը կառուցվել է, մոտ 800 տարի առաջ։ Բնության հրաշքը վայելելուց զատ այցելուները կարող են զբոսնել Դիլիջան քաղաքում, որն առանձնանում է իր ինքնատիպ ճարտարապետությամբ»,- գրում է Forbes-ը: