Ոստիկանությունը սպասում է՝ բողոք լինի, նոր որոշի՝ զբաղվե՞լ, թե՞ ոչ Արցախի դրոշն անարգողի հարցով
ուլիսի 30-ին ֆեյսբուքյան օգտատեր Արա Եղիազարյանը մի տեսանյութ էր հրապարակել, որում փողոցում ծածանվող Արցախի Հանրապետության պետական դրոշի կողքով անցնող մի երիտասարդ քաշում ու պոկում է այն:
Դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 29-ին՝ ժամը՝ 24:57-ին, Կոմիտասի պողոտա 30 հասցեում: Տեսախցիկները հստակ արձանագրել էին թե՛ դեպքը, թե՛ պետական խորհրդանիշի նկատմամբ անարգանք ցուցաբերած մարդու դեմքը: Թվում էր՝ նրան նույնականացնելն ու հայտնաբերելը վայրկյանների հարց պետք է լիներ:
Նոր քրեական օրենսգիրքը, ինչպես և նախորդը, քրեական պատասխանատվություն է սահմանում պետական խորհրդանիշներն անարգելու համար:
Հոդված 472. Պետական խորհրդանիշներն անարգելը
Հայաստանի Հանրապետության զինանշանը, պետական դրոշը կամ պետական օրհներգն անարգելը՝
պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Իհարկե, բավականին մեղմ պատիժ է, բայց ամեն դեպքում պատիժ սահմանված է:
Ոստիկանությունում, սակայն, անշեղորեն կիրառում են Քրեական դատավարության նոր օրենսգրքի պահանջը, այն է՝ եթե ուզում ես գործին ընթացք տրվի, պարտադիր պետք է այցելել ոստիկանություն կամ քննչական մարմին ու գրավոր հաղորդում ներկայացնել հանցագործության մասին:
«Ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ, հաղորդում կամ դիմում չի ստացվել»,- ՀՀ Ոստիկանության պատասխանն է 168.am-ի այն հարցին, թե արդյո՞ք հայտնաբերվել է Արցախի պետական դրոշն անարգած մարդը:
Տեղին է հիշել ու ոստիկանությանն էլ հիշեցնել, որ սա մասնավոր գործ չէ, երկու անձի փոխհարաբերության խնդիր չէ, որ որևէ մեկը հաղորդում ներկայացնի հանցագործության մասին:
Անարգվել է հայկական երկրորդ պետության՝ Արցախի Հանրապետության պետական դրոշը: Այս գործողությանը պետական մարմինների, այդ թվում՝ իրավապահ կառույցի հրապարակային արձագանքը իր մեջ նաև որոշակի ուղերձ կպարունակեր առ այն, որ Արցախը և նրան վերաբերող ամեն բան պետական հոգածության ներքո են, հատկապես այս զգայուն ժամանակահատվածում: Հայաստանի Հանրապետությունը, սակայն, ըստ ամենայնի Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի իր գործառույթներից հրաժարվել է բոլոր մակարդակներում:
Ոստիկանության անգործությունը նաև տարատեսակ ապազգային տարրերի հակաիրավական գործողությունների անպատժելիության հիմք է ստեղծում:
Էլ չենք խոսում այն մասին՝ իսկ եթե Արցախի դրոշն անարգողը թշնամի պետության ներկայացուցի՞չ է…
Եվ վերջում… 2019թ., 9 ապրիլի… Նիկոլ Փաշինյանը իշխանափոխությունից մեկ տարի անց այցելել էր Նորագավիթի ավտոմաքսատուն: Շրջայցի ընթացքում մտել էր մաքսատան աշխատասենյակներից մեկն ու միանգամից ՀՀ դրոշի հետ կապված շոու սարքել: Իհարկե, հետագայում շատերը արձանագրեցին՝ նախապես պլանավորած բեմականացված սցենար էր՝ թամաշան ապահովված էր:
Տեսարանում դրոշի պատվանդանը ցածր էր, իսկ դրոշը՝ կեղտոտ վիճակում։ Նիկոլ Փաշինյանը կտրուկ արձագանքել էր՝ աշխատանքից հեռացնել աշխատասենյակում ծառայություն իրականացնող աշխատակիցներին։
Ավելի ուշ Փաշինյանը միջադեպին նաև Ֆեյսբուքում անդրադարձավ՝ մասնավորապես գրելով. «Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից, կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եվ վերջ»: Աշխատակիցն էլ այս սկանդալի արդյունքում աշխատանքից ազատման դիմում գրեց: Հետո, իհարկե, ինչ-որ աշխատանքում վերականգնվել էր:
Անցավ 3 տարի. Արցախն այլևս Նիկոլ Փաշինյանին չի հետաքրքրում, հետևաբար՝ մեր պետական մարմիններին՝ ևս… 3 տարի անց Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում «Արցախը Հայաստան է, և վերջ» գոռացող անձի ղեկավարած Հայաստանում անպատիժ պոկում են Արցախի դրոշը, ու դրան որևէ պատասխանատվություն չի հետևում: