Հնդկաստանում ավտոմեքենայում տեղի ունեցած կարճ միացման հետևանքով զոհվել է 10 մարդ
Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում ավտոմեքենայում հոսանքահարման հետևանքով 10 մարդ է զոհվել, ևս 16-ը հոսպիտալացվել է։ Այս մասին հաղորդում է Bhaskar պարբերականը։
Միջադեպը տեղի է ունեցել Կուչ Բեհար քաղաքում Դհարլա կամրջի վրա։ Ջալփեշ սրբավայր ուղևորվող պիկապում 27 մարդ է եղել։ Ավտոմեքենայի գեներատորում կարճ միացում է տեղի ունեցել, ինչն էլ դարձել է ուղևորների հոսանքահարման պատճառ։ Վարորդին հաջողվել է խուսափել վնասվածքներից, քանի որ մեքենայի խափանումից անմիջապես հետո նա դուրս է եկել պիկապից։
Հոսանքահարման հետևանքով 10 մարդ տեղում մահացել է, մյուսերը վնսավածքներ են ստացել ու հոսպիտալացվել։ Տուժածների վիճակը գնահատվում է բավարար։
Հաղորդվում է, որ քաղաքի իրավապահ մարմիններն այժմ փնտրում են փախուստի դիմած վարորդին տեղի ունեցած միջադեպի ստույգ պատճառը պարզելու համար։