American Airlines-ը կորցրել է ավելի քան 70 հազար դոլար արժեցող ուղեբեռը
Ամերիկյան American Airlines ավիաընկերությունը կորցրել է ուղեւորի ուղեբեռը՝ ավելի քան 70 հազար դոլար արժողությամբ տեսալսողական սարքավորումներով, որոնք նրան անհրաժեշտ են եղել ցուցահանդեսի համար, գրում է Business Insider-ը։
Ուղեւոր Աշկան Աղասին մայիսի 26-ին Ֆենիքսից մեկնել է Դալլաս։ Երբ նա վայրէջք է կատարել, երկու «Պելիկանի» պատյանները, որոնցում եղել են թանկարժեք սարքավորումները, այդպես էլ տեղ չեն չհասել:
Ուղեւորը Insider-ին ասել է, որ երբ հասկացել է, որ իր ուղեբեռն ուշանում է, հայց է ներկայացրել, քանի որ դրանց պարունակության արժեքը գերազանցում է 100 հազար դոլարը, սակայն կարողացել է ստանալ միայն 72 796 դոլարի անդորրագրեր:
Երկու օր անց զանգահարել է ուղեբեռի բաժին եվ նրան տեղեկացրել են, որ ուղեբեռը հայտնաբերվել է Դալլասում ու «կուղարկվի Լոնգ Բիչ օդանավակայան» ու կհասցվի իր տուն: Աղասիի խոսքով՝ դա երբեք չի եղել։
Հուլիսի 5-ին ուղեւորը նամակ է ստացել, որ ուղեբեռը կորած է հայտարարվել։ Ներկայացուցիչը խնդրել է Աղասիին՝ իրեն ուղարկել սարքավորումների վճարման անդորրագրերը, որպեսզի լրացնի հայցը ու փոխհատուցում կատարի: Սրանով էլ զրույցը ավարտվել է։