ԱՄՆ-ում կողոպտել են Քարդաշյան քույրերի հայ վիզաժիստ Հրուշ Աճեմյանի բնակարանը (վիդեո)
Посмотреть эту публикацию в Instagram
ԱՄՆ-ում՝ Բեւեռլի Հիլզում թալանել են հայ հայտնի վիզաժիստ Հրուշ Աճեմյանի բնակարանը։ Կողոպտիչները փախել են, սակայն տեսահսկող սարքերը ֆիքսել են նրանց։ Կադրերում կարելի է երկու տղամարդու տեսնել, որոնք դիմակներ են կրել:
Հրուշը միջադեպի մասին պատմել է իր ինստագրամյան էջում՝ հրապարակելով դեպքի մասին NBC4-ի ռեպորտաժը, որի ընթացքում մանրամասներ է ներկայացրել։ Կողոպուտը տեղի է ունեցել ցերակային ժամի․ երբ Հրուշը բնակարան է գնացել, կողոպտիչներն այտեղ են եղել։ Նա տեսել է, որ առաջին հարկը տակնուվրա է արված եւ լսել, որ վերեւի հարկում ինչ-որ մեկը կա։
Նա գնացել է հարեւանի տուն եւ ոստիկանություն զանգել։ Լոս Անջելեսի ոստիկանությունն արձագանքել է, սակայն գողերն արդեն հեռացած են եղել։ Աճեմյանը նշել է, որ իր տանը թանկարժեք զարդեր են եղել, արժեքավոր իրեր, որոնք կողոպտիչները տարել են։ Դիմահարդարը կարծում է, որ կողոպտիչներն իր բնակարանում են եղել երկու ժամից ավելի եւ իմացել են, թե որտեղ են գտնվում արժեքավոր իրերը։
«Երբեք չէի մտածի, որ ինձ կզրկեն արժեքավոր ունեցվածքից, նորմալ հոգեվիճակից ու անվտանգությունից։ Տատիկիս ժամացույցն ու մատանին, որոնք ինձանից գողացել են, ամենն են, ինչի մասին կարող եմ մտածել։ Ձեզ խնդրում եմ տարածել այս հաղորդագրությունը, քանի դեռ բոլորն, ովքեր ներգրավված են եղել, չեն կանգնել արդարդատության առաջ»,- գրել է նա։