ԱԳՆ-ն որեւէ դժգոհություն չհայտնեց ՄԱԿ-ի պաշտոնյայի՝ Ծիծեռնակաբերդի մասին հեռացված գրառման վերաբերյալ․Հայկ Մամիջանյան
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահը վերահաստատեց, որ հայ-թուրքական հարաբերություններն ուղղակիորեն կախված են հայ-ադրբեջանական հարաբերություններից։ Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, Ֆրանսիայի հրապարակում՝ «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Ավելին՝ ասաց, որ սահմանների բացում չի լինելու մինչեւ չկարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Այսքանից հետո էլ որոշ երեսփոխաններ ասում են՝ դե, առանց նախապայմանների, ի՞նչ է եղել որ։ Առանց պայմանը ո՞րն է, եթե հստակ ասվում է, որ նախապայմանն հայ-ադրբեջանական հարաբերություններն են։ Էրդողանը նաեւ ասաց, որ Փաշինյանից ակնկալում է խոսքից անցնել կոնկրետ քայլերի։ Կարո՞ղ եք պատկերացնել՝ ինչեր է խոստացել, որ Էրդողանը պահանջում է անցնել քայլերի»,- ասաց Մամիջանյանը։
Պատգամավորն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահն իր թվիթերյան էջից ջնջել Ծիծեռնակաբերդ կատարած այցի մասին գրառումը։
«Դուք պատկերացնո՞ւմ եք, թե մեր ինչ կարգավիճակ ունի միջազգային աշխարհում, որ գրառումը հեռացվում է առանց որեւէ բացատրության։ Ու դրանից հետո ԱԳՆ-ն որեւէ դժգոհություն չի հայտնում, որովհետեւ ոչ Ծիծեռնակաբերդը, ոչ էլ Եռաբլուրն իրենց համար սրբատեղիներ չեն»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Մամիջանյանի դիտարկմամբ՝ շարժման մասնակիցները պետք է բացատրեն այս բոլոր հանգամանքներն այն մարդկանց, որոնք շարժմանը չեն մասնակցում․ «Սա շարժման ամենակարեւոր անելիքներից է։ Կարելի է հավերժ բողոքել խավարից, եւ կարելի է մի լույս վառել խավարի մեջ»։